Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.15-ը Մայիսի. Ռոբերտ Քոչարյանի թիմը հաղթեց լրագրողներին (տեսանյութ)

1997-ի այս օրը մի խումբ ցուցարարներ դատավոր Հովիկ Ղուկասյանից պահանջում են իրենց էլ դատել 1996-ի սեպտեմբերի 25-ին Ազգային Ժողովի վրա գրոհելու համար։ Այդ օրը մեղադրյալի աթոռին էին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, դաշնակցական Կիմ Բալայանը եւ եւս երեք հոգի Նույն օրը Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։

 1998-ի այս օրը լրագրողների բասկետբոլի թիմի հետ մրցման էր դուրս եկել Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը։ Խաղացողների մեջ էին նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմն ի վերջո հաղթեց լրագրողներին։

1999-ին Վանաձոր այցելած «Միասնություն» դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Վանաձորցիները Կարեն Դեմիրճյանին դիմում էին «թագավոր» տիտղոսով, իսկ Վազգեն Սարգսյանին անվանում էին «սպարապետ»։

2000 թվականի մայիսի 15-ին Ազգային Ժողովի երկրապահները լքում են «Միասնություն» դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ ։ Եւս երկուսը հեռանում են գործարարներով համալրված «Կայունություն» խմբից։ Երկրապահների պատճառաբանությունն է՝ «Միասնությունը» համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի տան վրա։ Վիրավորվել է նրա թիկնապահներից մեկը։ Մի քանի օր առաջ Կոմանդոսը մտադրություն էր հայտնել ստեղծել Ազատամարտի վետերանների նոր միություն։

2002 թվականի մայիսի 15-ին ընդդիմությունը հրաժարվում է Ազգային Ժողովում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը նախաձեռնելու գործընթացից։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհ է՝ ընդդիմությունը «խելոքացել է»։