Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի խնդիրը. մեկնել, թե չմեկնել Բաքու

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը լուրջ խնդրի առաջ է հայտնվել այն բանից հետո, երբ թիմը հաղթահարելով իսպանական «Վալենսիայի» արգելքը, մտել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Պատճառն այն է, որ Եվրոպայի ակումբային ֆուտբոլի 2-րդ նշանակությամբ մրցաշարի գագաթնախաղը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ինչը լուրջ խոչընդոտ է ստեղծում անգլիական ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության համար:

Նախ նշենք, թե ինչպես է մեր հարեւան երկրի մայրաքաղաքը դարձել եվրոպական գավաթի եզրափակչի անցկացման մրցավայր: Նախապես այդ խաղն ընդունելու ցանկություն էին հայտնել երեք երկրների մարզադաշտեր: Դրանք էին Սեւիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուանը», Ստամբուլի «Վոդաֆոն Պարկը» եւ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտը: 2017թ սեպտեմբերի 20-ին կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ժամանակ որոշում է կայացվել խաղի անցկացումը վստահել ադրբեջանական կողմին:

Իսկ ՈՒԵՖԱ-ն 2019թ Սուպերգավաթի խաղը նշանակել է Ստամբուլի «Բեշիկթաշին» պատկանող «Վոդաֆոն Պարկ» մարզադաշտում:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը նախապես նշել է, որ եթե «Արսենալը» մտնի եզրափակիչ, ապա կօգնի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալու գործում:

«Այդ ընթացակարգը ստանդարտ է ՈւԵՖԱ–ի համար. մենք հատուկ նամակներ ենք ուղարկում ֆեդերացիաներին, ակումբներին ու դեսպանատներին, որ ֆուտբոլիստները վիզա ստանան ու կարողանան մասնակցել ՈւԵՖԱ–ի հովանու ներքո անցկացվող խաղերին», – հայտարարել էր ՈՒԵՖԱ-ի պատասխանատուներից մեկը։

Սակայն  Հենրիխ Մխիթարյանն ադրբեջանական ղեկավարության համար համարվում է «խնդրահարույց», քանի որ նա նախկինում եղել է Արցախում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ է, ֆուտբոլիստի այդ այցը կապված է եղել բարեգործության հետ, սակայն Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ նա առանց թույլտվության հատել է երկրի սահմանը եւ կոպտորեն խախտել օրենքը:

Հարկ է նշել, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու անգամ հրաժարվել է իր թիմի հետ մեկնել Բաքու. անցյալ տարվա հոկտեմբերին «Արսենալի» կազմում նա չէր մասնակցել «Ղարաբաղի» հետ արտագնա խաղին, իսկ 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չէր մեկնել Ադրբեջան՝ «Գաբալայի» հետ մրցավեճին: Հավելենք, որ նմանատիպ խնդիրների առջեւ հայտնվել են նաեւ Հայաստանի հավաքականի եւս երկու ֆուտբոլիստներ՝ Գեղամ Կադիմյանը եւ Ալեքսանդր Կարապետյանը: Նրանք նույնպես հրաժարվել էին մեկնել Ադրբեջան:

Այն, թե ինչ որոշում կկայացնի «Արսենալը», ինչպես նաեւ հենց ինքը՝ Հենրիխ Մխիթարյանը, պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում: Պարզապես հիշեցնենք, թե անցած տարի ինչ է ասել մեր ֆուտբոլիստի բացակայության մասին «Ղարաբաղ» թիմի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը:

«Չեմ ցանկանում քաղաքականությունը խառնել սպորտի հետ, սակայն երբեմն դա հնարավոր չէ: Նրանք ցանկացել են խնայել նրան ու խուսափել խոսակցություններից: Նախկինում մարզիկներ են ժամանել այդ երկրից: Սակայն Ադրբեջանում կան մարդիկ, որոնք հարազատների են կորցրել այդ կոնֆլիկտի պատճառով, եւ բարդ կլինի զսպել հույզերը: Եթե 5-10 մարդիկ բռնկվեն, ամբոխը եւս կաջակցի նրանց», - ասել էր ադրբեջանցի մասնագետը:

Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Չելսի» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, որը 2015թ հատուկ կառուցվել է Եվրոպական առաջին խաղերն անցկացնելու համար:

Իսկ  Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում․«Մեկ թիմ, մեկ նպատակ, եկեք հաղթենք ԵԼ-ի այս եզրափակիչը»