Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol gavati final
A A
Սպորտ

Այսօր Հայաստանը կունենա ֆուտբոլի նոր գավաթակիր

Այսօր Երեւանի «Բանանց» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 28-րդ խաղարկութան եզրափակիչ հանդիպումը:

Այս տարի պատվավոր մրցանակը կվիճարկեն Երեւանի «Ալաշկերտն» ու Վանաձորի «Լոռի» ֆուտբոլի ակադեմիայի թիմը: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆուտբոլը այսօր նոր գավաթակիր կունենա:

Մինչ այսօր Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձել են 7 թիմեր՝ «Բանանց», «Արարատ», «Փյունիկ», «Ցեմենտ», «Միկա», «Շիրակ», «Գանձասար-Կապան»:

«Ալաշկերտը» երկրորդ անգամ հանդես կգա եզրափակիչում: Անցած տարի ալաշկերտցիները նույնպես հասել էին եզրափակիչ, սակայն վճռորոշ խաղում  պարտվել էին «Գանձասար-Կապանին»՝ 1:1, 11մ հարվածներ՝ 3:4:

«Լոռի ՖԱ»-ն, ընդհանրապես, առաջին անգամ է մասնակցում գավաթի խաղարկությանը, ուստի թիմը կարող է յուրատեսակ ռեկորդ սահմանել, եթե հաղթի եզրափակիչ խաղում: Մինչ այդ ոչ մի թիմի չի հաջողվել առաջին փորձից նվաճել գավաթը, եթե հաշվի չառնենք 1992թ անդրանիկ խաղարկությունը, որի հաղթող էր դարձել Կոտայքի մարզը ներկայացնող «Բանանց» թիմը:

Նշենք, որ գավաթի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի լիգայի 2019-20թթ. մրցաշարի որակավորման փուլին: Սա «Լոռի ՖԱ»-ի վերջին շանս է եվրոգավաթներ մտնելու համար, քանի որ թիմը Հայաստանի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը եւ դժվար թե կարողանա տեղ զբաղեցնել առաջին եռյակում:

«Ալաշկերտը» թեեւ շարունակում է պայքարը չեմպիոնի կոչման համար, սակայն  հաղթելով գավաթի եզրափակիչում, նախ կլուծի եվրոպական գավաթի ուղեգրի հարցը, ապա նաեւ լավ շանս կստանա ֆուտբոլային դուբլ գրանցելու համար:

Հիշեցնենք, որ վերջին անգամ մեկ տարում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր կարողացել է դառնալ «Փյունիկը»: Դա տեղի էր ունեցել չորս տարի առաջ, 2015 թվականին: