Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի պայմաներն ավելի լավն են

Սպորտ

Իսպանիայի հավաքականը կորուստներով հեռացավ Հայաստանից:

Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո եւս երեք օր մնաց Երեւանում: Այսօր առավոտյան իսպանացիները մեկնեցին Բոսնիա եւ Հերցեգովինա, որտեղ կանցկացնեն իրենց վերջին ընտրական հանդիպումը:

Իսկ ինչու իսպանացիները նախընտրեցին մնալ Երեւանում եւ ուշ մեկնեցին Բոսնիա, «Ա1+»-ի մարզական թղթակցին բացահայտեց Իսպանիայի հավաքականի հետ Հայաստան ժամանած մեր հայրենակից Արմեն Սիրունյանը, որը կատարում էր թարքմանչի պարտականություններ:

«Իսպանիայի թիմը Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ խաղը պետք է անցկացնի Զենիցա փոքր քաղաքում, որտեղ չկան հյուրանոցային լավ պայմաններ: Ուստի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մնալ Երեւանում, քանի որ այստեղ ավելի լավ հյուրանոցային եւ մարզումային պայմաններ կան»: Ի դեպ, Իսպանիայի հավաքականը երրորդ անգամ այցելեց Երեւան:

Հարկ է նշել, որ Իսպանիայի հավաքականը լուրջ կադրային խնդիրներ ունի վերջին խաղից առաջ: Պարզվում է, Հայաստանի հավաքականի հետ խաղին միկրովնասվածքներ են ստացել Ֆերնանդո Տորեսը, Ինյեստան, Կառլես Պույոլը, իսկ Մարչենան որակազրկվել է երկրորդ դեղին քարտ ստանալու համար: Մեր թիմի դարպասն առաջին գոլը խփած Սեսկ Ֆաբրեգասը ընտանեկան հարցերով արդեն մեկնել է Լոնդոն, իսկ Դանի Գուիսան այդպես էլ չի կարողացել ապաքինվել վնասվածքից ու նույնպես վերադարձել է իր ակումբ: Այդպիսով, իսպանացիների գլխավոր մարզչի տրամադրության տակ մնացել են 18 ֆուտբոլիստ, այնքան, որքան հարկավոր է խաղի արձանագրությունը լրացնելու համար:

 Արմեն Սիրունյանը եւս մեկ գաղտնիք հայտնեց մեր թղթակցին: Իսպանացիները Բոսնիա ժամանելուց հետո նախեւառաջ հանդիպելու են Իսպանիայի խաղաղապահ  ջոկատի հետ, որը գտնվում է մայրաքաղաք Սարաեւոյում, ուր կողք-կողքի ապրում են քրիստոնեաներ ու մուսուլմաններ: