Հայաստանի թիմերն արդեն Թուրքիայում են
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու խաղերն էլ կկայանան Աթաթյուրքի անվան մարզադաշտերում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Թուրքիա, որտեղ կանցկացնեն իրենց հերթական ընտրական հանդիպումները:
Մեր ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին աշխարհի 2010 թ առաջնության ընտրական փուլի վերջին' 10-րդ խաղում, ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ: Հանդիպումը, որը տեղի կունենա Բուրսայի «Աթաթյուրք» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 23:00-ին, մարզական առումով որեւէ նշանակություն չունի, քանի որ Թուրքիայի ընտրանին իր նախորդ խաղում պարտվել է Բելգիայի ընտրանուն' 0:2, եւ կորցրել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու հնարավորությունը:
Սակայն Թուրքիա - Հայաստան հանդիպումն հետաքրքիր է քաղաքական առումով, քանի որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը որպես պատասխան քայլ պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին' խաղը միասին դիտելու համար: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, խաղին հնարավոր է ներկա գտնվի նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Հայաստանի հավաքականն ու մեր պատվիրակությունը հանգրվանել է Բուրսայի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում: Այսօր մեր ֆուտբոլիստները տեղի ժամանակով 18:00-ին առաջին մարզումը կանցկացնի, իսկ վաղը ժամը 19:30-ին կպարապի տեղի «Աթաթյուրք» մարզադաշտում:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ առաջնության ընտրական փուլի շրջանակում կհանդիպի Թուրքիայի այդ տարիքային հավաքականի հետ: Այս խաղը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, Էսկիշեհիր քաղաքի «Աթաթյուրք» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 20:00-ին: