Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» երկրորդն է Եվրոպայում

Սպորտ

Անհատական ցուցանիշներով մեր թիմում լավագույնը Տիգրան Լ.Պետրոսյանն է:

Մակեդոնական Օհրիդ քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդկանց թվով 25-րդ եւ կանանց թվով 14-րդ Եվրոպայի ակումբային առաջնություները:

Երեւանի «Միկայի» տղամարդկանց թիմը վերջին երկու տուրերում հաղթելով համապատասխանաբար Սվերդլովսկի մարզի «Ուրալին» (3,5:2,5) եւ մակեդոնական «Ալկայոդին» (4:2), վաստակեց 12 միավոր եւ գրավեց 2-րդ մրցանակային տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Սարատովի «Էկոնոմիստը», որը հաղթեց բոլոր 7 խաղերում: Երրորդ տեղը 11 միավորով զբաղեցրեց «Ուրալը»: Առանձին խաղատախտակների վրա մեր շախմատիստներից բոլորից լավ արդյունք ցույց տվեց 6-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Տիգրան Լ.Պետրոսյանը, որը 7 հնարավորից վաստակեց 5 միավոր:

Կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Ռուսաստանի «Սպարտակը», որը տարավ 5 հաղթանակ, իսկ երկու հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Մոնտե Կառլոյի «Սերկլ դ'Էչե» եւ Թբիլիսիի «Սամայա» թիմերը:

Ավաղն Երեւանի «Միկա» կանանց թիմը անհաջող հանդես եկավ եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: 6-րդ տուրում մեր շախմատիստուհիները ոչ-ոքի' 2:2 խաղացին «Սերկլ դ'Էչեի» հետ, իսկ վերջին տուրում պարտվեցին Սարատովի «Էկոնոմիստին»: