Բացել լրահոսը Փակել լրահոսը
vardan Ghukasyan
A A
Քաղաքականություն

«Որ Եվրոպան փչացել է, մենք էլ պետք է փչանա՞նք». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսoր  խորհուրդ տվեց  ԲՀԿ պատգամավոր Գեւորգ  Պետրոսյանին չհորդորել պատգամավորներին՝ ինչ գրքեր եւ օրենքներ կարդալ, քանի որ իր կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ իրենց խմբակցությունում լինի պատգամավոր, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել եւ ԲՀԿ խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքը այնպիսի իրավիճակում է  հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել:

Լենա Նազարյանն ակնարկում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ նա է Գյումրիի  նախկին քաղաքապետը:  «Ա1+»-ը փորձեց  պարզել, թե ինչ գնահատական կտա Վարդան Ղուկասյանը Լենա Նազարյանի հայտարարությանը:

«Ես ճիշտն ասած մեղք ունեմ, եթե այդ աղջիկը ընտենց բան է ասել, ճիշտն ասած չեմ լսել, բայց մի երկու բան ասեմ, որ գիտենաք: Ուրեմն՝ հինգ անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ, հինգ անգամ բնակչությունը ինձ 70-ից ավելի տոկոս ձայներ է տվել, եւ ՀՀ-ում թափանցիկ ընտրություններ, առանց կեղծիքի, առանց կաշառքի, եղել է Գյումրի քաղաքում եւ սկսվել է էնտեղից»,-ասաց նա։

Վարդան Ղուկասյանը հիշեցրեց՝ երբ ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, քաղաքի բյուջեն եղել է 300 մլն դրամ, իսկ իր պաշտոնավարման տարիներին, այն դարձել է 3մլրդ դրամ:

«Իմ օրոք կառուցվել է 17 հազար բնակարան եւ ասեմ, որ կյանքիս գնով է կառուցվել: Եւ ասեմ, որ քաղաքական է այն մահափորձը, որ արվել է 2007 թվականին: Եւ ասեմ, որ միակ մարդն եմ եղել, որ ասում է, որ 5700 անօթեւան կա: Եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի դիմաց այդ հարցն էդպես ոչ ոք չէր կարող բարձրաձայնել: Քաղաքից հեռացվել է 40 հազար տնակ իմ օրոք»,-ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով իր հայտարարությանը ԼԳԲՏ-ը համայնքի ներկայացուցիչների մասին, Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ վառել ասելով նկատի չի ունեցել մարդուն ֆիզիկապես այրելը:

«Հոգեպես կա, մարդը մի քիչ էլ պետք է հոգեպես մտածի: Ամենակարեւորը, որ այդ մեղքը սպանում է հոգին, հետո դրանց անունն ընդհանրապես էդքան շատ ինչի՞ եք տալիս, ինչի՞ եք դրանց գովազդում: Ամոթ է, որ ձեր մոտ կանգնած, դուք աղջիկներ եք, ձեր մոտ այդ անունները տանք: Ես ամաչում եմ, ես ավանդապաշտ մարդկանցից մեկն եմ, եւ այդ խոսքերը չեմ էլ ուզում, որ մարդիկ լսեն, կանայք լսեն, աղջիկները լսեն: Անհարմար է, խայտառակություն է, դա մեր ազգին հարիր չէ: Ասում եք՝ Եվրոպան ըսենց է ասում, թող Եվրոպան մեզանից սովորի, դարձի գա: Անպայման, որ Եվրոպան փչացել է, մենք էլ պետք է փչանա՞նք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: