Բացել լրահոսը Փակել լրահոսը
kollaj
A A
Հասարակություն

«Քոչարյանի գործ»-ը և «Յոթի գործ»-ը

«Երևի արդեն տեղյակ եք, երևի արդեն դատախազները կիսած կլինեն իրենց ուրախությունը, որ պարոն Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են, և պարոն Քոչարյանը շարունակելու է  մնալ կալանքի տակ»,- Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Վերջինս ընդգծված ասաց, որ դատարանը, անտեսելով բոլոր հնարավոր իրավական նորմերը, շարունակեց Քոչարյանին պահել կալանքի տակ։ Քոչարյանը, ըստ նրա, ավելի հանգիստ է արձագանքել, քան՝ պաշտպանները՝ հավելելով, որ պարտադիր բողոքարկելու են որոշումը ստանալուց հետո։ Բողոքի քննության մեջ էր մտնում նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, ինչը նույնպես մերժվել էր։

Ալումյանը խոսեց դատախազի փաստարկներից մեկի մասին, ըստ որի՝  0038 հրամանի մասին դատախազությունն իմացել է միայն 1 տարի առաջ։ Փաստաբանները բողոքի քննության նիստերի ընթացքում փաստարկներ էին առաջ բերել, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված 300.1 հոդվածը (սահմնադրական կարգի տապալումը, հոդվածն ընդունվել էր 2009 թ. – հեղ.) 2008 թ. գոյություն չուներ, և նույն թվականին գոյություն ունեցող 300 հոդվածի համեմատ անձի վիճակը վատթարացնող է, ուստի չէր կարող մեղսագրվեր բոլոր պարագաներում, և որպես օրինակ՝ նշել էին «7-ի գործ»-ով մեղադրյալների (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան – հեղ.) դեպքը (2009 թվականին վեց հոգանոց դատախազական խումբը որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, հիմք ընդունելով, որ 300.1 հոդվածը համեմատած 2008 թվականի նորմի հետ վատթարացնող է)։

Քոչարյանի գործով մեղադրող դատախազներից մեկը, Ալումյանի խոսքով, քննադատել է 2009 թվականին դատախազական խմբի կողմից կայացրած այդ որոշումը՝ ասելով. «Ես չեմ էլ հասկանում ինչո՞ւ էին այդ ժամանակ այդպիսի որոշում կայացրել»։ Փաստաբանն ընդգծեց, որ դատախազության այսպիսի մոտեցումը անհեթեթության գագաթնակետն է, և դատարանները շարունակում են մնալ՝ «գործի նյութերը ուսումնասիրի, բայց կալանքն ուզես-չուզես, պիտի տաս» սկզբունքին։   

Քոչարյանը, Ալումյանի փոխանցմամբ, ավելի առաջ է փաստաբանական խմբից գործի նյութերի ծանոթացման հարցում, քանի որ ավելի շատ ժամանակ ունի կալանավայրում։ Անդրադառանալով Վարդան Օսկանյանի ցուցմունքին՝ փաստաբանն ասաց, որ մի շարք այլ ցուցմունքների հետ մեկտեղ ապացուցվում են պաշտպանական խմբի 8 ամիս շարունակ առաջ բերվող պնդումները։

«Էն ժամանակվա ոչ դեմոկրատական իշխանություններն էին 2009 թվականին և էն ժամանակվա յոթը կարկառուն ընդդիմադիրների մասին էր խոսքը։ Բայց էն ոչ դեմոկրատական իշխանությունները այդ յոթ ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործը դադարեցրեցին՝ ասելով, որ 300.1 հոդվածը վիճակը վատթարացնող է»,- ասաց Ալումյանը և շարունակեց, որ հիմա, եթե դատախազությունը 2009 թվականին դատախազների ընդունած որոշումը սխալ է համարում, ուրեմն թող նախորդ յոթ հոգու գործը վերաբացվի։