Պոզները Երեւանում կմասնակցի իր գրքի շնորհանդեսին (տեսանյութ)
Հեռուստալրագրող, արձակագիր Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը թարգմանվել է հայերեն։ Նախաձեռնողը «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանն է, իսկ գիրքը թարգմանել է Ֆելիքս Բախչինյանը: «Առաջին անգամ եմ քաղաքական թեմայով գործ թարգմանում, սակայն թարգմանությունը բավականին դյուրին եմ արել»- ասում է Ֆելիքս Բախչինյանը։ «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը առաջին անգամ հրատարակվել է անգլերեն՝ 1990թ-ին և դարձել բեսթսելեր: Հրատարակումից միայն 18 տարի անց է թարգմանվել ռուսերեն: Այն մինչև այսօր էլ վերահրատարակվում է: Գրքում Վլադիմիր Պոզներն անդրադառնում է քաղաքական գործիչներին։ Թարգմանչի համար զարմանալի է, որ Պոզները Վլադիմիր Լենինին որպես դրական կերպար է նկարագրել, ասում է, որ ինքը համամիտ չէ դրա հետ: Իսկ գրքի գլխավոր ուղերձը ճիշտ քննադատությունն է համարում: Գրքի հայերեն առաջին հրատարակությունը 1000 օրինակ է. Ռուբեն Իշխանյանի խոսքով՝ քանակը քիչ է և կարիք կլինի վերահրատարակման: « Հրաժեշտ պատրանքներին» գիրքը գրախանութներում կլինի ապրիլի 8-ից:Շնորհանդեսը նախատեսվում է մայիսին, իսկ դրան կմասնակցի նաեւ Պոզները: