Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ում նորից պարգեւավճարներ կլինեն. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Տնտեսություն
pek

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնում է 2019թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականը։ Ըստ հաշվետվության՝ 2019-ի եռամսյակի հարկային եկամուտները կազմում են 296, 5 մլրդ դրամ։ Նախորդ տարի նույն ժամանակաշրջանում եկամուտները կազմել են 239, 2 մլրդ դրամ։ Առաջընթաց կա նաև ՀԴՄ կտրոների ավելացման վերաբերյալ։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների համար 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 12, 3 մլն կտրոն է ավելացել՝ ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ։ 2019-ի առաջին եռամսյակում արտաքին առևտրով ներմուծվել է 22426 հատ ավտոմեքենա։ 2018-ի նույն ժամանակաշրջանում այն կազմել է 14055։ Ի դեպ, 2018 թվականին ՀՀ է ներմուծվել 67 255, իսկ 2017-ին 39 282 հատ ավտոմեքենա։ ՊԵԿ նախագահը անդրադարձավ նաև բանանի և շաքարի մենաշնորհներին։ Դիտարկմանը, թե շուկայում քանի տնտեսվարող է ավելացել և գերիշխող դիրքը քանի տոկոսով է նվազել, նա նշեց, որ թվեր չի կարող ներկայացնել։ «Ես գիտեմ, թե բանանի շուկայում քանի տնտեսվարող կա, ովքեր են և այլն, բայց դրանց մի մասը հարկային գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն է, հետևաբար ես այս պահին ձեզ տոկոսներ նույնիսկ չեմ էլ ասի, որովհետև չեմ էլ պատրաստվել դրան»։ Ինչ վերաբերում է նոր Հարկային օրենսգրքին, ապա այն ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից։ Հարկային օրենսգրքով նախատեսվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ավելացումը, սակայն վերջիններիս ընկերությունների դժգոհությունները տեղ հասան և որոշվեց, որ այդ դրույթը կհանվի։ Դիտարկմանը՝ եթե ակցիզային հարկը չգանձվի, խնդիրներ չեն առաջանա՞ հարկային հավաքագրման հետ կապված, Դավիթ Անանյանը պատասխանեց. «2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտների վրա նոր Հարկային օրենսգիրքը, որը պետք է ընդունվի, չի ազդի 2019-ի հարկային եկամուտների վրա, որովհետև ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ին»։ Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե առջևում ապրիլի 7-ն է, ՊԵԿ-ում նոր պարգևավճարներ լինելո՞ւ են, Դավիթ Անանյանը նկատեց՝ պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ։ «Պարգևատրումներ ստանալու են հերթական անգամ՝ այս ամսվանը ստանալու են շաբաթվա վերջում, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, մարտին և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որը օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»։