Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբացվի Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնը

Մշակույթ

Նոյեմբերի 7-ին, Կասկադի հուշարձանի մոտ' տոնական հրավառությամբ կազդարարվի Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնի բացումը: Ըստ Կենտրոնի մամլո պատասխանատու Աննա Դիրեյի' 2տարվա աշխատանք և 35 միլիոն դոլար պահանջվեց' «Կասկադը լիովին վերափոխելու և այն աշխարհի ամենաականավոր ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը դարձնելու համար»:

Նոյեմբերի 8-ին կենտրոնը հրավիրում է հասարակությանը' գնահատելու իրականացված աշխատանքը Կասկադի ներսում և ծանոթանալու ցուցահանդեսների, դասախոսությունների, գրքերի շնորհանդեսների, համերգների և այլ միջոցառումների ժամանակացույցին: Միայն այդ օրը Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնը բաց կլինի հասարակության համար առանց մուտքի վճարի:

Մի շարք ցուցահանդեսներ կնշանավորեն Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնի բացումը, սակայն դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավելու «Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցահանդեսը: Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որևէ թանգարանում գտնվող հավաքածուներից, իսկ այս չեխ ամուսնական զույգի գործերի հավաքածուն ամենալավն է աշխարհում:

«Հայաստանի համար» հավաքածուի աշխատանքներից շատերը հիշեցնում են հենց հայկական ավանդական խաչքարերը: Լիբենսկու և Բրիխտովայի հարաբերությունը Հայաստանի հետ սկսվել է դեռ 1980-ականներից, երբ արվեստագետներն ուսումնասիրում էին հայոց պատմությունը և հայկական մշակույթը: 1988-ի երկրաշարժի արհավիրքը արվեստագետների վրա խոր ազդեցություն ունեցավ, ինչի արդյունքում ստեղծվեց «Քաղաքի ուրվապատկերը» (1989) եռաքանդակը (տրիպտիխը): «Չեխ և հայ ժողովուրդները շատ պատմական նմանություններ ունեն», - վերջերս Երևան կատարած այցի ժամանակ ասել է Յարոսլավա Բրիխտովան: «Կարծում եմ, որ հայ հասարակությունը կգնահատի և կհասկանա, թե ինչ ենք մենք արտահայտում մեր արվեստում»,- հավելել է չեխ արվեստագետը:

Յարոսլավա Բրիխտովան Կենտրոնի բացման և «Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցահանդեսի կապակցությամբ անձամբ կգա Երևան: