Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգեւատրվել է բարերարը

Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առիթով, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Գոհար Խաչատուրյանի կողմից մոտ տասը տարի առաջ Գյումրիում ստեղծվեց ԳՈՀԱՐ երաժշտանոցը, երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը, որով արտահայտվեց նրա մեծ սերը հանդեպ հայ երգն ու հայրենիքը:

ԳՈՀԱՐ երաժշտանոցում անվճար երաժշտական կրթություն են ստանում ավելի քան 100 սաներ, որոնցից զգալի մասը հասել են մեծ հաջողությունների:

ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ստեղծմամբ ավելի քան 200 գյումրեցիների համար դարձել է սիրած գործով զբաղվելու, երաժշտի իրենց կոչմանը ծառայելու միջոց:

Գոհար Խաչատուրեանի բարոյական և նյութական ամբողջական աջակցությամբ, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը այս տարիների ընթացքում մեծ վերելքով և հաջողությամբ հանդես է եկել Կիպրոսում, Լիբանանում, Թուրքիայում, Ռուսաստանի Դաշնությունում , ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում` արժանանալով բազմահազար հանդիսատեսի բուռն ընդունելությանը:

Գոհար Խաչատուրեանի մեծ ավանդի շնորհիվ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը ստեղծեցին լավագույն հնարավորություն, որպեսզի բոլոր ժամանակների սիրված հայ երգն ու երաժշտությունը մտնի հայի տները` պահպանելով հայի ոգին, հայ գիրն ու լեզուն, հայ ազգային մշակութային ավանդներն ու թանկարժեք գանձերը:

Ի երախտագիտություն արվածի, Գյումրու քաղաքային իշխանությունը տիկին Գոհար Խաչատուրեանին շնորհել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում:
Գոհար Խաչատուրեանը հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների համար (հովանավորել է Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի չորրորդ դարի եկեղեցին վերականգնելու համար) արժանացել է Վեհափառ Հայրապետի շքանշանին: