Հայտնաբերվել է 12 դամբարան
Աջակցիր «Ա1+»-ինԹեղուտի հանքավայրի տարածքում սկսվել են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության աշխատանքները:
Կառավարության որոշման համաձայն՝ դրանք շարունակվելու են մինչեւ 2010 թ։ Հնագետները Թեղուտի հանքավայրի տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներ ներկայացնող բազմաթիվ հնագիտական հուշարձաններ. այդ թվում արհեստանոցներ, հնձաններ, դամբարաններ։
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այստեղ մարդու կողմից բնակեցումը մի քանի հազարամյակներ առաջ է տեղի ունեցել, համոզված է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուրեն Հոբոսյանը:
ՙՂարաքոթուկ կոչվող այս տեղամասում միջնադարյան շերտ կա,բնակավայր։ Առայժմ պեղված է մի հատվածը,բայց բավականին հետաքրքիր գտածոներ ունենք, որոնք էապես փոխում են մեր պատկերացումները միջնադարում այստեղի բնակչության տնտեսության վերաբերյալ՚,-նշում է Սուրեն Հոբոսյանը։
Պեղումների ժամանակ հայտնաբերված 12-13-րդ դարերի գինու հնձանն իր կառուցվածքով նորություն է հյուսիս-արեւելյան Հայաստանի համար եւ վկայում է այն մասին, որ միջնադարում խաղողագործությունն ու գինեգործությունը տնտեսական կարեւոր նշանակություն են ունեցել այս տարծաշրջանի համար:
Հնձաններից բացի հայտնաբերվել են նաեւ մ.թ.ա. 9-7-րդ դարերի 12 դամբարաններ ։
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը հուշարձանների պահպանության վերաբերյալ նշեց.ՙՀուշարձանները պահպանում են սեփականատերերը։ Եթե դրանք գտնվում են հանքի տարածքում, կփոխանցվի իրենց բալանսի վրա եւ իրենք պատասխանատու կլինեն պահպանության համար։ Հաջորդ փուլը կլինի այն, որ մենք կպահանջենք հանքի ղեկավարությունից պահպանության պարտավորագիր եւ այդուհետ պետությունը կհսկի,թե ինչպես են պահպանվում հուշարձանները՚։
Հանքավայրի տարածքում առայժմ միայն միջնադարյան մի մատուռի տեղափոխության հարցն է դրված։ «Մնացածներն իրենց տեղերում են մնալու, եթե ապագայում այլ ծրագրեր չլինեն», -ասում է Արտյոմ Գրիգորյանը։