Կվերադարձվե՞ն արդյոք կովերը
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ադրբեջանին սահմանամերձ Վահրավար գյուղի բնակիչների 20 կովերը ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորները առեւանգել են: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանի տեղեկատվությամբ, Ադրբեջանցի զինվորների կողմից գողացված կովերից 2-ը հենց իրեն են եղել: Այդ օրն ինչպես միշտ անասուններն արոտի են տարել գյուղի վերեւի արոտավայրեր: Համայնքի ղեկավարի տեղեկատվությամբ 8 ընտանիքի պատկանող խոշոր եղջերավոր անասուններից միայն 6-ն են գյուղ վերադարձել, մյուս 14-ին դեռեւս վերադարձնել չի հաջողվել, որովհետեւ սեպտեմբերի 2-ից հակառակ կողմից գնդակոծություններ են սկսվել:
Սարգիս Առաքելյանը ադրբեջանական կողմի կրակոցները ԼՂՀ-ի անկախության օրվա հետ է կապում: ՙՄեր սահմանապահները հաստատել են կատարվածը, այժմ նրանք քայլեր են ձեռնարկում, որպեսզի բանկցությունների շնորհիվ վերադարձվեն գյուղացիների անասունները՚,-ասում է Վահրավարի գյուղապետը: Վերջինիս հավաստամամբ անասունների առեւանգման դեպք իրենց մոտ մինչեւ օրս չէր եղել:
Այսօր մարզպետարնում հրավիրված մարզխորհրդի նիստի ժամանակ Սուրեն Խաչատրյանը հայտարարեց, որ կորպուսի հրամանատարը տեղեկացրել է, որ սահմանամերձ գոտում իրավիճակը վերահսկվում է, աշխատանքներ են տարվում գողացված անասունները հետ բերելու ուղղությամբ: ՙԿարծում եմ գողացված անասունները հետ չեն վերադարձվի եւ որպեսզի այդ ընտանիքների վնասը մեղմենք կփորձենք աջակցել նրանց՚,-ասաց մարզպետը: Վերջինս անասունների գողության մեջ մեղադրեց անասնապահին: Ըստ Սուրեն Խաչատրյանի, անասնապահի անզգուշաթյուն արդյունքում, մարդիկ զրկվեցին կովերից:
Սիսիան, ՙՍիսակն՚ ՀԸ