Ձի՞, թե՞ ավանակ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում կա մի արձան, որը որոշ գյումրեցիների համար ձի է, ոմանց համար' սատկած ձի, շատերի համար էլ' էշ:
Բայց քանդակվածն իսկապես ձի է, այն էլ թագավորական: Ձիավորն էլ ոչ ավել, ոչ պակաս Մեծն թագավոր Աշոտ Ողորմածն է: Իսկ այդ տեսքով թագավորը Գյումրիի այս հատվածում կանգնած է արդեն երկու տարի: Արձանը բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 8-ին, Գյումրիի օրվա տոնակատարության ժամանակ: Բացմանն էլ ներկա էին շատ հյուրեր, ներկայացուցիչներ Գյումրիի քաղաքապետարանից ու Շիրակի մարզպետարանից: Ծափահարողների շարքում էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Արձանը, սակայն, չվայելեց գյումրեցիների սերն ու հարգանքը. Ավելին, շատերը մինչեւ օրս էլ չգիտեն, թե վերջապես ում արձանն է կանգնած այս պատվանդանին:
ՙՇատ արձաններ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքում են դրվել, որոնց ժողովուրդը ժամանակին իբր չի սիրել, չի ընդունել, բայց այսօր հանդիսանում են Հայաստանի կամ Երեւանի սիմվոլ՚,- մխիթարական իր խոսքն է ասում Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գրիգոր Աղանյանը:
Հետո էլ, պարզվում է, անհանգստանալու խնդիր չկա, քանզի այս արձանն իսկականը չէ: Նորը քանդակման ընթացքի մեջ է: Այսինքն, 2 տարի առաջ հենց այնպես են բացման արարարողություն անցկացրել:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ