Պայքարը կշարունակի միայն Անդրանիկ Հակոբյանը
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները, ինչը նշանակում է, որ նրանք նվազագույնը նվաճել են բրոնզե մեդալներ: Ցավոք, ¼ եզրափակիչ հասած մեր երեք բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին (մինչեւ 75 կգ քաշային կարգ) հաջողվեց հաղթահարել այդ արգելքը: 2008 թ աշխարհի գավաթակիրը վստահ հաղթեց մոլդովացի Վիկտոր Կոտյույանչիին` 8:1: Իսկ ահա 48 կգ քաշային, 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը լարված պայքարում զիջեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Սերբանդա Պուրեւդորջին` 4:6: Մեր երրորդ բռնցքամարտիկը` 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, իր 4-րդ մենամարտում 9:14 հաշվով պարտություն կրեց մեքսիկացի Օսկար Վալդեսից:
Այսօր առաջնությունում հայտարարված է հանգիստ, իսկ վաղը տեղի կունենան կիսաեզրափակիչ մրցամարտերը: Անդրանիկ Հակոբյանը կմենամարտի վենեսուելացի Ալֆոնսո Բլանկոյի հետ: