Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 երեխա թունավորվել է սննդից

Մարզեր

Սեպտեմբերի 5-ից սկսած Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել քաղաքի թիվ 4 մանկապարտեզի 25 երեխաներ, բոլորն էլ միեւնույն ախտանիշներով` լուծ, փսխում, բարձր ջերմաստիճան:

Ախտորոշումը` սուր աղիքային ինֆեկցիա: Երեխաներից 7 բուժհաստատություն են տեղափոխվել առավել ծանր` ցնցումային վիճակում: Փոքրիկները անմիջապես ստացել են առաջին բուժօգնություն: Նրանց վիճակը, բժիշկների խոսքով, այժմ գնահատվում է բավարար: Եվս 12 երեխա ամբուլատոր բուժում է ստանում տնային պայմաններում:

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի տեղեկատվությամբ օպերատիվ եւ կազմակերպված աշխատանքի շնորհիվ այսօր արդեն երախաների վիճակը բարելավել է. ՙԴեղորայքի հարցում ոչ մի դժվարություն չի առաջացել, ամեն ինչ ունենք, տրվում է մաքսիմում մակարդակով: Հրավիրված է եղել հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը, որը համայց կատարելով հիվանդներին գտել է, որ ամեն ինչը կատարվել է բարձր մակարդակով եւ վերադարձել է Երեւան; Ոչ մի երեխա չի տեղափոխվել Երեւան, բոլորը գտնվում են Սսիանի ինֆեկցիոն բաժնում եւ բուժումը կատարվում է ամենաբարձր մակարդակով՚:

Բարձրացված ահազանգին անմիջապես արձագանքել են մասնագետներ ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական համապատասխան կառույցներից: Կազմվել է օպերատիվ խումբ` պետական սանիտարական գլխավոր բժիշկ Արտյոմ Վանյանի գլխավորությամբ: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ թունավորման պատճառը սնունդն է:

Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սիսիանի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի խոսքով` հետազոտվել են մանկապարտեզի բոլոր 116 սաները, ախտահանման աշխատանքեր են կատարվել նրանց օջախներում: Նախակրթարանի 25 աշխատողները ենթարկվել են բացիլագրության քննության: Վերջնական եզրակացությունը կլինի 1 շաբաթից:

Այսօր Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը խորհրդակցության էր հրավիրել քաղքապետարանի աշխատակիցներին: Խոսելով սեպտեմբերի 5-ի դեպքերի մասին քաղաքապետը նշեց, որ բոլոր այն մարդիկ ովքեր աշխատում են քաղաքապետարանում, պարտավոր էին այդ օրը մեկ մարդու նման գտնվել հիվանդանոցում, սատարել մարդկանց, ովքեր ունեին դրա կարիքը:

Ի դեպ Աղասի Հակոբջանյանը այսօր կրկին այցելեց փոքրիկներերն, որոնք դեռ բուժվում են հիվանդանոցում: Նվերներ հանձնելով երեխաներին, քաղաքապետը նշեց, որ պատժվելու են բոլոր այն մարդիկ, որոնք մեղավոր են այսօրվա ստեղծված իրավիճակի համար, իսկ փոքրիկներին մաղթեց շուտափույթ ապաքինում: