Միլանում Հայաստանը կպայքարի 9 մեդալների համար
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը այսօր գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանի ղեկավարությամբ մեկնեց իտալական Միլան:
Այնտեղ սեպտեմբերի 1-12-ը տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի թվով 15-րդ առաջնությունը:
Միլանյան ռինգում Հայաստանի դրոշի պատիվը կպաշտպանեն 9 բռնցքամարտիկներ: Նրանք են 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը (Երեւան, «Դինամո» ՄՄ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ, գյուղ Այգեկ, ԲԿՄԱ), Գառնիկ Հարությունյանը (54 կգ, Երեւան), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ, գյուղ Այնթափ, Երեւանի մարզական քոլեջ), Հրաչիկ Ջավախյանը (60 կգ, Վանաձոր, «Հայաստան» ՄՄ), Էդուարդ Համբարձումյանը (64 կգ, Երեւան, ԵՄՔ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ, Վանաձոր, «Հայաստան»), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին, բռնցքամարտի հանրապետական դպրոց), Ցոլակ Անանիկյանը (91 կգ, գյուղ Առինջ, «Սեւան»):
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանը «Ա1+»-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մեր բռնցքամարտիկները մեդալներ նվաճելու լավ հնարավորություններ ունեն Միլանում: «Այսօրվա մեր հավաքականում ընդգրկված մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցելու մեծ փորձ ունեն, իսկ մի մասն արդեն հաջողության են հասել նման բարձր մակարդակի մրցումներում»:
Բռնցքամարտի 2009 թ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 143 երկրների 700 բռնցքամարտիկներ: Այն կլուսաբանեն 300 լրագրողներ: Մրցումները կանցկացվեն 11 քաշային կարգերում: Օգոստոսի 31-ին տեղի կունենա բացման արարողությունը, սեպտեմբերի 1-9-ը կանցկացվեն նախնական փուլերի մենամարտերը, 10-ին կտրվի մեկօրյա հանգիստ, 11-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ 12-ին` եզրափակիչ մարտերը:
Ըստ առաջնության պաշտոնական կայքեջի` մրցաշարի ֆավորիտներ են համարվում Կուբայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հավաքականները:
Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնությունը տեղի էր ունեցել 2007 թվականին, Չիկագոյում, որտեղից մեր թիմն ձեռնունայն էր վերադարձել: Վերջին անգամ մեր բռնցքամարտիկներից մեդալ է նվաճել (բրոնզե) 81 կգ քաշային Արտակ Մալումյանը, 2005 թ առաջնությունում: