Ձմերուկն ու ցախավելը
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում փողոցային առեւտուրը արգելված է եւ համարվում է անօրինական: Չնայած սրան` վաճառվող ապրանքի որակն ու ժամկետայնությունը վերահսկող անձինք հավաստում են, որ փողոցային առեւտուրը վերահսկելի չէ:
ՙՖիզիկական անձը, որը փողոցում կանգնած է իրավաբանական որեւէ տվյալներ չունի, որ իրեն հայտնաբերենք: Ու կարող է նույն տեղում կանգնած չլինի, որ վատորակ ապրանքը տանես, վերադարձնես՚,-ասում է Շիրակի մարզի սննդամթերքի վերահսկման եւ անասնաբուժական կենտրոնի տնօրեն Անուշիկ Մնացականյանը
Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետը հնարավոր թունավորումներից խուսափելու համար կոչ է անում օգտվել սահմանված վաճառակետերից եւ փակ շուկաներից:
Հատկապես ամռան ամիսներին փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը, մասնագետների հավաստմամբ, տաքացած ասֆալտից վնասակար նյութեր կարող են ներծծել ու առողջության համար վտանգավոր դառնալ: Գյումրեցիները գիտակցում են սա, բայց շարունակում են գնումներ կատարել հենց փողոցում:
Չսառեցվող պայմաններում պահվող մթերքը կարող է ավելի արագ փչանալ, ուստի փողոցում թույլատրելի է միայն պաղպաղակի վաճառքը: Մինչդեռ Գյումրիում հակառակ պատկերն է եւ դրսում, պաղպաղակի կողքին վաճառվում են նաեւ սննդամթերքի այլ տեսակներ. ձմերուկ, հյութ եւ այլն: Սրան գումարած, վաճառվող մթերքի կողքին կարելի է տեսնել այն ցախավելը, որով մաքրում են հենց նույն փողոցը:
Գյումրիի «Ցայգ»ՀԸ