Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցիները նախընտրում են «փորձվածները»

Մարզեր

  Հանրապետությունում միս ներկրող կազմակերպությունները մի քանիսն են: Ներմուծվող մսի որակին հետեւում են սահմանային հսկիչ կետերում, որտեղ վերցվում են նմուշներ եւ ուղարկվում լաբորատորիա:

 Փորձաքննության գոհացնող պատասխանից հետո նոր միայն թույլատրվում է միսը ներմուծել: Ներկրված միսը ընկերություններն օգտագործում էին տարբեր մսամթերքների պատրաստման համար, որոնք իրացվում էին ողջ հանրապետության տարածքում:

 Շիրակի մարզում մսի ներմուծմամբ զբաղվող ընկերություն չկա, եւ միսը, արդեն մշակված տեսքով տեղի շուկա է հասնում մայրաքաղաքից: Խանութներում վաճառվող մսամթերքի որակի վերաբերյալ գյումրեցիներն ունեն տարբեր կարծիք: Ոմանք  գոհ  են  մսի  եւ  մսամթերքի որակից, մյուսներն  էլ  նշեցին, որ  գնումներ  կատարում  են  ՙփորձված՚  վաճառակետից  ու  մսավաճառից: Իսկ  շատերն  էլ  հայտնեցին, որ  մսամթերքն  անորակ  է, եւ  ընդհանրապես  չեն  գնում, ավելի  շատ  նախընտրում  են  թարմ  միս  գնել:

  Շիրակի մարզի Անասնաբուժական կենտրոնում հավաստիացնում են, որ մարզի բոլոր վաճառակետերում մսամթերքի իրացման վերահսկողություն է սահմանված: ՙՍննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության՚ պետ Անուշիկ Մնացականյանը, չբացառելով հատուկենտ դեպքերը, նշում է, որ տեղի շուկայում անորակ մսամթերք չի վաճառվում:

ՙԲողոքը խնդրում եմ գրավոր ներկայացնել մեր տեսչություն, մենք համապատասխան ստուգայց կկատարենք, որտեղից գնել են, համապատասխան լաբորատորիա կուղարկենք  եւ  կձեռնարկենք  անհրաժեշտ  միջոցառումներ՚, - նշում  է  տիկին  Մնացականյանը:

  Նա  նաեւ  մարզի բնակիչներին կոչ է անում՝ ցածրորակ մսամթերք գնելուց խուսափելու համար գնումներ կատարել այն վաճառակետերից, որտեղ առկա է անասնաբույժի համապատասխան կտրոնը՝ որակի եւ վաճառման թույլտվության վերաբերյալ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ