Աբրահամը բռնցքամարտիկ կին չի ուզում
Աջակցիր «Ա1+»-ին«Ռինգում հաղթում է ոչ թե նա, ով լավ մարմին ունի, ուժեղ է, այլ նա, ով խելացի է»,- այս խոսքերի հեղինակը IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն է: Վերջինս թուրք մարզիկ Մահիր Օրալին հաղթանակ տանելուց հետո ժամանել է Երեւան եւ այսօր որոշել էր հանդիպել հայրենի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրան ծափերով ընդունեցին հավաքվածները:
«Այս մենամարտն ինձ համար հոգեպես շատ կարեւոր մենամարտ էր, որովհետեւ թուրքի հետ էի մրցում: Ցավալի պարտություն կլիներ, չէի ցանկանա թուրքին պարտվել: Հոգուս վրա ծանր կնստեր, որ մեր պապերը այդքան տանջվել են թուրքերի ձեռքը: Դրա համար ավելի ուժեղ էի պարապում, որ հաղթեի եւ մեր ազգի պատիվը բարձր պահեի»,- ասաց նա:
Գերմանիայի դրոշի տակ մրցող Արթուր Աբրահամը, ով արդեն փոխել է իր քաշային կարգը' 72,5 կգ-ից դարձել է 76,2 կգ, չի պատրաստվում հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, քանի որ մինչեւ 2011թ. պայմանագիր ունի գերմանական ընկերություններից մեկի հետ:
Նա կմասնակցի աշխարհի սուպերչեմպիոնների հետ մրցաշարի, որը կտեւի մինչեւ 2011 թ.: «Դրանից հետո որոշվելու է, թե ով է այդ քաշային կարգում չեմպիոնների մեջ սուպեր չեմպիոնը: Այնպիսի մենամարտեր են, որ պատմության մեջ չեն եղել, 4 աշխարհի չեմպիոն մի գոտու համար»,- փաստեց նա:
Անգամ «նարդի խաղալու մեջ պարտություն չհանդուրժող» բռնցքամարտիկը իր բոլոր հաղթանակները նվիրում է իր ընտանիքին, ազգին եւ հենց իրեն: Կին դեռեւս չունի, քանի որ չի գտել այն մեկին, որ լինի իր կյանքի կեսը: Դեռեւս ամուրի բռնցքամարտիկը պատրաստ չի ամուսնանալ բռնցքամարտիկ աղջկա հետ, որովհետեւ չի ցանկանում, որպեսզի «կինը կապույտ աչքով տուն գա»: Իսկ ընդհանրապես դեմ չէ, որ կինը զբաղվի բռնցքամարտով:
Ի դեպ, բռնցքամարտով չզբաղվելու դեպքում նա զբաղվելու է անշարժ գույքի եւ ինքնաթիռների բիզնեսով: Իսկ մինչ այդ, իր հարազատ Չարբախ թաղամասում պատրաստվում է բացել բռնցքամարտի սիրողական դպրոց: