Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրեւի «գերիները»

Մարզեր

Այսպես կոչված` հարթ կտուրների խնդիրը Գյումրիում ունի 20 տարվա վաղեմություն:

Անցած չորս տարվա ընթացքում շուրջ հիսուն շենքի հարթ տանիք վերածվել է լանջավորի: Սակայն քաղաքում դեռեւս կան նմանատիպ տասնյակ շենքեր, որոնց վերին հարկի տներն անձրեւների ժամանակ ողողվում են ջրով՝ նյութական վնասներ պատճառելով բնակիչներին:

Անի թաղամասի որոշ շենքերում բնակիչներն անձրեւից հետո նմանվում են նավաբեկյալների: Շահինյան փողոցի 1-ին շենքում վիճակն անմխիթար է հատկապես վերին հարկերում: Ինչպես պատմում է հինգերորդ հարկի բնակիչ Սուսաննա Շաքարյանը, անձրեւի ժամանակ սենյակները ողողվում են անձրեւաջրերով, քանզի ջուրն այստեղ ոչ թե կաթում, այլ առատորեն հոսում է պատերի վրայով: Այս վիճակը, թեեւ մի քիչ ավելի մեղմ, շարունակվում է հաջորդ օրերին եւս: Բնակիչներն էլ ամեն օր տեղափոխում են տարաներն ու հետեւում եղանակային փոփոխություններին:

Հինգերորդ հարկի բնակչուհի տիկին Սուսաննայի հյուրասենյակը վաղուց արդեն հոսանքազրկված է: Անձրեւաջրերից շարքից դուրս են եկել վարդակներն ու անջատիչները: Իսկ անձրեւի ժամանակ փորձում են պատսպարվել տան մի այնպիսի անկյունում, որն էլեկտրալարերից հեռու լինի ու կաթոցները՝ քիչ:

Բնակիչները պատմում են, որ այս վիճակը սկսվել է 2004 թվականին, երբ քաղաքապետարանից ուղարկված բանվորները եկել ու տանիքի մազութածածկերը հանել են, թողնելով մեկ շերտ՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն, ինչպես բնակիչներն են ասում, գործը կիսատ թողնելով՝ աչքը շինելու փոխարեն ունքն էլ են հանել:

Այժմ շենքի ընտանիքները համատիրությանը տարեկան վճարում են 3000-ից 4000 դրամ, ինչը բավարար չէ հարյուրապատիկ թանկ արժեցող լանջավոր տանիք կառուցելու համար: Միակ հույսը մնացել են այն պաշտոնյաները, ում պատմել են իրենց վիճակի մասին:
Քաղաքապետարանի մամլո քարտուղարից տեղեկացանք, որ կառույցը տեղյակ է շենքերի խնդրին: Քաղաքապետի հրահանգով շրջայցեր են կազմակերպվել, մասնագետները տեղում ծանոթացել են բնակիչների դրությանը: Անի թաղամասի հարթ տանիք ունեցող շենքերից ընտրվել են հինգ՝ ամենավատ վիճակում գտնվողները՝ առաջիկա ամիսներին լանջավոր տանիք կառուցելու համար: Այս աջակցությունն էլ կլինի միայն այն դեպքում, եթե բնակիչներն ու համատիրությունը եւս ներդրում կատարեն:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ