Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստիպված են վարձով ապրել

Մարզեր

Ալավերդի քաղաքի Սանահին, Սարահարթ  թաղամասերի 75 բնակելի շենքերի 30 տոկոսից ավելին տանիքի նորոգման խնդիր ունի։ Բնակիչները չգիտեն, թե անձրեւների ժամանակ ինչպես պահպանեն իրենց իրերը: Վերջին օրերին տեղացած տեղատարափ անձրեւներից հետո  թիվ 2  ԲՇՏ-ում  15 բողոք են ստացել, որոնց ըստ  ԲՇՏ-ի  պետ Ֆրունզիկ Ռամազյանի՝  մասամբ ընթացք են տվել:

Սարահարթի 2/ 9  շենքի բնակիչ Լիլիթ Երեմյանի 4 հոգանոց ընտանիքն   ապրում է  բնակելի շենքի վերջին հարկում։  20 տարի է՝ առնչվում են խարխուլ տանիքի խնդրի հետ, իսկ  այդ ընթացքում  նրանց կողմից արված   հսկայական ծախսերը ոչ մի էական արդյունք չեն տվել։ Այսօր ստիպված են թողնել սեփական բնակարանը, քանի որ արդեն ոչ միայն չեն  հարմարվում պայմաններին, այլեւ խոնավության հետեւանքով բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերել։ Լիլիթ Երեմյանը  նշում է, որ դժվար է հարմարվել այն մտքի հետ, որ բնակարան ունենալով հանդերձ՝ պետք է վարձով ապրեն, սակայն գտնում է, որ առողջությունից թանկ ոչինչ չկա։ Նույն շենքի  երրորդ  հարկի բնակիչ  Անահիտ Պողոսյանը նույնպես մտահոգված է  իրենց շենքի տանիքի խնդրով. նա նշում է, որ խոնավության պատճառով իրենց  շարքի  բոլոր հարեւանները հեռացել են։ Հնարավորության դեպքում ինքն էլ պատրաստ է լքել իր բնակարանը, քանի որ տանը, ուր իր թոռնիկներն են մեծանում,  պատերին արդեն մամուռ է աճում։

Ըստ ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանի՝  Սարահարթի 3/16, 2/8, 2/9, եւ 2/31 շենքերի տանիքների հարցը ընդգրկված է եղել այս տարվա ծրագրում, սակայն  խնդրի լուծմանը խոչընդոտել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ