Կարծել են` երկրաշարժ է
Աջակցիր «Ա1+»-ինԱմպրոպի ժամանակ գիշերային դղրդյունը Ալավերդու Փիրուզյան թաղամասի 18-րդ շենքի բնակիչները շփոթել են երկրաշարժի հետ ու շենքովի դուրս վազել։ Բարեբախտաբար երկրաշարժ չի եղել։ Փլվել է շենքից երկու-երեք մետր հեռավորությամբ գտնվող հենապատը։
Արդյունքում տնամերձ այգու նորատունկ վարունգի թփերը, հնամենի թզենին ու Սարոյաններին պատկանող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան «գետնի տակ են անցել»։
Մեքենան մի կերպ փրկել են ու հաշվարկել կրած վնասը։ 150 հազար դրամ է անհրաժեշտ` այն նորոգելու համար։ Դրա համար որեւէ մեկից փոխհատուցում չեն ակնկալում, բայց մտավախություն ունեն, որ վթարը կկրկնվի, ու այդ դեպքում արդեն կտուժի ամբողջ շենքը։ Բնակիչները հենապատի փլվածքը վերագրում են երկարատև անձրևներին։ Ամիսներ առաջ այստեղ ջրագիծ են անցկացրել, բայց փորվածքը չեն ասֆալտապատել։ Դրանից հետո անձրևաջրերն անարգել գետնի տակ են լցվել ու սողանք առաջացրել։ Սակայն սողանքի պատճառը միայն անձրևը չէ,- կարծում են բնակիչները։ Ամիսներ շարունակ վթարված կոյուղագծերից գետնի տակ են հավաքվում նաև կոյողաջրերը։
Ալավերդու քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողօգտագործման բաժնում ասացին, որ վթարի հետքերով կգնան, բայց ոչինց անել չեն կարող, քանի որ դրա համար քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չունի։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ