Գյումրեցիները չեն հանգստանալու
Աջակցիր «Ա1+»-ինԱմռան առաջին ամիսն արդեն ավարտվում է, սակայն եղանակները դեռեւս անձրեւային են, օդի ջերմաստիճանն էլ ոչ ամառային: Գյումրեցիներն արդեն կատակում են ՝ կամ մարդկանց ամառային հանգստի հաշվին արեւն է մեկնել հանգստի, կամ էլ տնտեսական առկա ճգնաժամով է պայմանավորված արեւի ջերմության խնայողությունը: Ոմանք հավաստեցին, որ թեկուզ շոգ ամառ էլ լիներ, միեւնույնն է, քաղաքում հանգստի վայրեր քիչ կան, իսկ ընտանիքով որեւէ առողջարանում հանգստանալը քչերին է հասանելի:
Մեզ հանդիպած դպրոցականների խումբը պատրաստվում է ուսուցչուհու եւ ծնողների հետ մեկնել Աշտարակի ձոր՝ մեկօրյա հանգստի: Էքսկուրսիայի համար աշակերտներից պահանջվել է 3000 դրամ: 27 աշակերտից կազմված դասարանից միայն տասնչորսն են գնալու ցանկություն հայտնել: Ծնողներն էլ հավաքված գումարով նախատեսել են կատարել չափավոր գնումներ՝ ամեն ինչից մի քիչ:
Որոշ դպրոցահասակներ էլ նախընտրում են հանգստի այլ եղանակներ: Օրինակ Սեւակն իր ընկերների հետ մեկնելու է ձկնորսության: Սարքին վիճակի են բերել կարթերը, վերցրել են անհրաժեշտ քանակությամբ խայծ:
Տղաները կցանկանային ընտանիքի հետ ամռանը մեկնել Հայաստանի առողջարաններ կամ լողալուց հետո արեւահարվել Սեւանի ափին ու նավակ նստել: Բայց ցանկությունը մնում է ցանկություն: Մի մասի ծնողներն են զբաղված այս ամառ, մի մասի ընտանիքում էլ ֆինանսական խնդիրներ կան:
Գյումրեցիներից ոմանք էլ նախընտրում են հանգիստը վայելել՝ պարզապես քաղաքի տարբեր պուրակներում երեխաների հետ զբոսնելով, պաղպաղակ ուտելով ու շատրվանները դիտելով:
Միայն թե ցերեկային եռուզեռը Գյումրիում ձգվում է ամենաշատը մինչեւ երեկոյան 20-ը, որից հետո փողոցները դատարկվում են՝ մարդկանց տանելով տուն հեռուստացույց դիտելու:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ