Տնօրենը զարմանում է' ինչո՞ւ
Աջակցիր «Ա1+»-ին«Երեխաների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողությունների համար» հիմնավորմամբ Գյումրիի Նանսենի անվան մանկատան տնօրեն Ռուբիկ Մարկոսյանը ազատվել է աշխատանքից:
Տնօրենը, սակայն, իր պաշտոնանկ լինելու մասին անտեղյակ է. «Ես երեկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում էի: Նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում. աշխատանքները նորմալ են, ամեն ինչ իր հունով է գնում: Առաջինը ես պիտի գիտենամ, որ ինձ աշխատանքից հեռացրել են: Ես այսօր մի 7-8 անգամ նախարարություն եմ զանգել, ոչ մի նման բան չկա»:
Աշխատանքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել մանկատանը. «Մարդկանց, երեխաներին են խոսեցրել և այլն: Դա լուրջ խնդիր է: Այնպես չի, որ նախարարը եկավ, մի օր ստուգեց ու որոշեց, որ անպայման գործից ազատի»:
Մանկատան աշխատակիցները հերքում են ստուգումների մասին լուրերը. «Մեր հաստատությունում նման ստուգումներ չեն անցկացվել»:
Ստուգումները, ըստ Հասմիկ Խաչատրյանի, դեռ շարունակվում են: Միայն Գյումրիի «Մանկան տունը» չի ստուգվել, որովհետև նախարարն այնտեղ եղել է և բարձր է գնահատել նրանց աշխատանքը: