Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը ստացավ գավաթ

Սպորտ

Նախորդ շաբաթ ծանրորդներին եւ ըմբշամարտիկներին պարգեւատրելուց հետո ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր դրամական պարգեւներ հանձնեց նաեւ բռնցքամարտիկներին: Ուշադրության էին արժանացել պատանի այն բռնցքամարտիկները, որոնք մայիսին Երեւանում կայացած աշխարհի առաջնությունում մեդալ էին նվաճել:

Դրամական պարգեւ առաջինը ստացավ աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի արժանացած Կորյուն Առաքելյանը: Վերջինիս հայրը' Սամվել Առաքելյանը, եւս պարգեւատրվեց, քանի որ հանդիսանում է նաեւ Կորյունի անձնական մարզիչը: Պարգեւների արժանացան նաեւ արծաթե մեդալակիրներ Ջոնիկ Տոնոյանը, Հայկ Խաչատրյանը, բրոնզե մեդալակիրներ Արթուր Քաջոյանը, Վոլոդյա Հայրապետյանը, Ալեքսան Նազանյանը, Գոռ Մարգարյանը, անձնական մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:

Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ընդգծեց, որ հիացած է ոչ միայն մարզիկների ելույթներով, այլեւ առաջնության կազմակերպվածությամբ: Ըստ Ծառուկյանի' աշխարհը տեսավ, թե որքան հյուրընկալ երկիր է Հայաստանը:

Ելույթ ունեցավ նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը. «Վերջին 2 տարիներին մեծ հաջողությունների ենք հասել: Պեկինի օլիմպիական խաղերում ունեցանք մեդալ, Եվրոպայի առաջնությունում 2 ոսկե մեդալ, պատանի աշխարհի առաջնությունում 7 մեդալ: Հատկապես ուրախալի է, որ պատանիները հասան հաջողության: Դա նշանակում է, որ բռնցքամարտում լավ հիմքեր ունենք»:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն էլ շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին առաջնության անցկացման իրավունք ստանալու եւ այն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հարցում: Քիչ անց բռնցքամարտի ֆեդերացիան Գագիկ Ծառուկյանին հանձնեց գավաթ, հուշանվեր եւ պատվոգիր:

Նման վերաբերմունքից շոյված Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ ելույթ ունեցավ' նշելով, որ ամեն ինչում կարեւորը փոխադարձ հարգանքն է, ուշադրությունը: