Պտտահողմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 11-ին անսպասելի քամին ու մրրիկն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում:
Ախուրիկ համայնքում վնասվել են մոտ երեք տասնյակ տան կտուրներ, ինչպես նաեւ գյուղի ամբուլատորիայի տանիքը, որն ամբողջությամբ քամին պոկել ու ցրել էր մոտակա դաշտի մեջ: Բնակիչները տարերքի ժամանակ թաքնվել են նկուղում:
Իսկ Գյումրիի ավտոկայանի հատվածում անձրեւաջրի բարձրությունն այնքան է եղել, որ գրեթե անհնար է դարձրել մեքենաների երթեւեկությունը:
Հորդ անձրեւի ընթացքում ամբողջ տարածքը հեղեղվել էր ջրով այն աստիճան, որ լուրջ դժվարություն էր ներկայացնում ավտոմեքենաների երթեւեկության համար: Շատերը զարմացած էին, քանի որ Գյումրիում բնության նման տարերք առաջին անգամ են տեսնում:
Պտտահողմին զոհ են գնացել բազմաթիվ կենդանիներ, վնասվել են գոմերի տանիքները, որոնց միջից փախել են կովերը: Բնակիչները պատմում են, որ դաշտի մեջ խոշոր եղջերավոր անասուններին մոլեգնող մրրիկը քշել է մի քանի մետր, որոնց տերերը հասցրել են մի կերպ տեղափոխել ապահով վայր: Կարելի է պատկերացնել քամու ուժգնությունը՝ տեսնելով, թե ինչպես է այն մի քանի մետր գլորել տներից մեկի մոտ գտնվող տասը տոննայից ավել կշռող երկաթե հսկայական կաթսան:
Քամու պատճառով վնասվել էին գյուղը սնուցող էլեկտրալարերը, որի արդյունքում հոսանքազրկվել էր ամբողջ համայնքը: Վնասվել էր նաեւ Ախուրիկի ամբուլատորիայի շենքը, որը սպասարկում է հարեւան յոթ համայնքի բնակչությանը: Քամին ամբողջությամբ պոկել էր շինության տանիքը՝ կտորները շաղ տալով դաշտով մեկ: Քիչ անց ժամանեցին նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Շիրակի մարզպետարանի Տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանը նշում է, որ պտտահողմը վնասներ է հասցրել նաեւ Ղարիբջանյան եւ Գետք համայնքներում: Նյութական վնասների չափը դեռեւս պարզ չէ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ