Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզվում էին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունիսի 5-ին Շվեյցարիայի հետ արտագնա ընտրական մրցավեճին: Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները այսօր մարզում անցկացրին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Չնայած շոգ եղանակին` ֆուտբոլիստները մեծ ջանասիությամբ շուրջ 2 ժամ մարզվեցին: Մարզմանը ներկա էին հավաքական հրավիրված բոլոր թեկնածուները, որոնց թվում նաեւ արտասահմանից ժամանած խաղացողները: Բելգիական թիմերում ելույթ ունեցող Հրաչ Յագանը եւ Մասիս Ոսկանյանը նույնպես մարզվողների թվում էին, սակայն այս խաղացողների մասնակցությունը առաջիկա խաղերում քիչ հավանական է:

Ոսկանյանը ընդհանրապես առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի երիտասարդական հավաքական, եւ մարզիչները նրան պարզապես փորձարկում էին: Կիսապաշտպանությունում հանդես եկող այս ֆուտբոլիստը լավ տպավորություն թողեց: Բավական արագաշարժ էր եւ շատ լավ տեսնում էր խաղադաշտը: Հավանական է, որ հետագայում Մասիսը եւս կհրավիրվի երիտասարդական, սակայն մինչ այդ նրան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու թույլտվություն պետք է դա ՖԻՖԱ-ն:

Հրաչ Յագանը 2-րդ անգամ էր ժամանում Հայաստան եւ նրա կարողություններին մարզչական շտաբը արդեն որոշ չափով ծանոթ էր: Բելգիայի չեմպիոն «Ստանդարդի» կիսապաշտպանը Հայաստանի երիտասարդականում հանդես գալու իրավունք չունի:

ՀՖՖ-ն այս խաղացողի փաստաթղթերը ուղարկել է ՖԻՖԱ եւ սպասում է պատասխանի, որից հետո միայն Յագանը կարող է օգնել Հայաստանին:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հրավիրված թեկնածուներին բաժանելով 2 կազմի նաեւ կարճատեւ երկողմանի հանդիպում անցկացրեց:

Թեեւ ֆուտբոլիստները ամեն կերպ փորձում էին մարզչին ապացուցել, որ լավ մարզավիճակում են եւ կարող են տեղ ունենալ հիմնական կազմում, սակայն զգուշություն խաղացողների գործողություններում կար` հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:

Մարզման ավարտից հետո երիտասարդական հավաքականը ուղեւորվեց «Ռեժինե» հյուրանոց, որտեղ հանգրվանել է այս օրերին: Վաղը 10:00-ին երիտասարդականը վերջին մարզումը կանցկացնի Երեւանում, որը այս անգամ փակ կլինի:

Հունիսի 4-ին Երեւան-Ցյուրիխ չվերթով հավաքականը ուղեւորվի Շվեյցարիա, իսկ նույն օրը Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում հայ երիտասարդները կանցկացնեն խաղից առաջ վերջին մարզումը: Հունիսի 5-ին կայանալիք «Եվրո-2011»-ի Շվեյցարիա-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:00-ին: Չի բացառվում, որը խաղը հեռարձակվի Հայաստանում:

Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո Հայաստանի երիտասարդականը նախապատրաստվելու է հունիսի 9-ին Երեւանում Թուրքիայի հետ կայանալիք մրցավեճին: