Գյումրի այցելեցին երկու վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրան Գյումրիում միացել են դեռ երեկվանից հյուրընկալված ԼՂՀ վաչապետ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Վարչապետի այցը ճանաչողական-վերլուծական էր, նա ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին ու անդրադարձել բանվորների դժգոհություններին: Թորոս գյուղում էլ կայացել է յուրօրինակ արտագնա նիստ՝ մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են ինչպես ներմարզային նշանակություն ունեցող, այնպես էլ Հայաստան - Արցախ համագործակցության հարցեր: Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է՝ առաջին անգամ բոլորը գոհ են ու համակարծիք:
Վարչապետի առաջին կանգառը Մուշ թաղամասն էր, շինարարությունն այստեղ արդեն բուռն ընթացքի մեջ է: Թեեւ այցի նպատակը շինարարության թերությունները բացահայտելն էր, բայց եղանակային կամակորությունները վարչապետի ոտքը կապեցին, կառավարության ղեկավարն էլ կես կատակ, կես լուրջ նշեց. այնպիսի եղանակ էիք պատվիրել, որ շինհարապարակում թերությունները չտեսնենք :
Գլենդել Հիլզի պատասխանատուն ու քաղաքաշինության փոխնախարարը մակետում ցույց են տալիս այն հատվածը, որն այս տարի կառուցվելու է: 1քմ-ը Գլենդել Հիլզը կառուցում է 186 հազար դրամով: Վարչապետն հետաքրքրվվեց շուկայական գներով, ինչ է ասում կադաստրը, առաջարկած գները որքանով են համապատասխան ու իրատեսական: մարզպետները միաբերան հավելեցին՝ խելամիտ գներ են: Այսօր քաղաքի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանը 9-11 հազար դոլար է:
Շինարարության մեկնարկից առաջ կառավարությունը հստակ պայման է դրել կառուցապատող ընկերության առջեւ, աշխատուժը բացառապես մարզից է լինելու, իսկ հնարավոր շինանյութն էլ հանրապետությունից: Տվյալ դեպքում ծածկասալերը Վանաձորի քիմկոմբինատն է մատակարարելու, մինչդեռ շիանարության բուռն ընթացքի ժամանակ նոր առաջարկով հանդես են եկել Գյումրիից, նույն ծածկասալերն են, միայն թե 1քմ' 200 դրամ էժան:
Վարչապետին առաջարկված գինը մտահոգեց, գործարք չի կնքվելու, քանի դեռ չի ուսումնասիրվել. ով է արտադրողը եւ արդյոք ստվերում չի աշխատում: Վարչապետի ականջին հասել են նաեւ բավորների դժգոհությունները, որ աշխատավարձը ցածր է, ընդամենը՝ 40-50 հազար դրամ:
Աշխատանքի ընդունվելիս յուրաքանչյուր բանվոր եռօրյա փորձաշրջան է անցնում, բանվորները բողոքում են՝ երեք օր անտեղի ու անվարձ աշխատում են:
Շինհրապարակում 300 մարդ է աշխատում, երբ սկսվեն պատերի շարման ու ներքին հարդարման աշխատանքները, բանվորների թիվը 1500-ի կհասնի:
1320 բնակարաններում բնակարանամուտ կտոնվի նոյեմբերին, համենայն դեպս դա շինաշխատանքների վերջնաժամկետն է: Գլենդել հիլզը կառուցելու է Մուշ եւ Անի թաղամասերը, իսկ բնակարանաշինական մյուս ծրագրերի կապալառուն ամենայն հավանականությամբ կփոխվի, «Լինսը» նորից մտել է շուկա: Բնակարանների գնման վկայագրերի ծրագրի շահառուներն էլ առաջիկա երկու տարին նորից սպասելու են, ծրագիրը կանգնեցվել է:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ