Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստացվել է 700 հայտ

Մարզեր

Մայիսի 6-11-ը Գյումրիում կայանալու է երաժիշտ - կատարողների ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ - փառատոն՝ նվիրված ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ազգագրագետ եւ խմբավար Կոմիտասի ծննդյան 140 - ամյակին : Տարբեր երկրներից ստացվել է փառատոնի մասնակցության ավելի քան 700 հայտ, որոնց հոսքը դեռ շարունակվում է:

ՙԱմենամեծ ստեղծագործողը ժողովուրդն է, գնացեք, սովորեք ժողովրդից՚՝ իր գործունեության ընթացքում այս մտքին է հանգել Կոմիտասը: Եվ նրա ծննդյան 140 - ամյակին նվիրած փառատոնում, բացի դասական երաժշտությունից, հնչելու է նաեւ ազգային երաժշտություն: Այդ օրերին Գյումրի են ժամանելու ինչպես հանրապետության տարբեր մարզերի, այնպես էլ եվրոպական, Մերձբալթյան, Միջին Ասիայի եւ հարեւան Իրանի 10-ից 28 տարեկան երաժիշտ կատարողները: Տարբեր երկրների մասնակիցները մատուցելու են ինչպես իրենց ազգային երաժշտությունը, այնպես էլ հայկականը: Ծրագրերում պարտադիր ստեղծագործություն է լինելու Կոմիտասից, կամ նրա գործերի մշակումն այլ կոմպոզիտորների կողմից:

Փառատոնը նախորդ երկու տարիներին անցկացվել է հանրապետական մակարդակով, եւ ձեռք բերված հաջողությունը նպաստել է մասնակիցների աշխարհագրության ընդլայնմանը: Նախատեսվածի համաձայն մրցույթում լինելու են Մեծ մրցանակակիր, դափնեկիրներ եւ դիպլոմակիրներ: Կազմկոմիտեն սահմանել է նաեւ մի շարք անվանակարգեր՝ ազգային երաժշտության լավագույն կատարող, Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարող, վիրտուոզ ստեղծագործության լավագույն կատարող, հայ հոգեւոր երգի լավագույն կատարող:

Նախորդ տարիների համեմատ այս փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել մեծ թվով գյումրեցիներ: Բավական է ասել, որ ամբողջ հայտերի միայն 30 տոկոսը ստացվել է քաղաքի երաժշտանոցներից:
Թեեւ կա տարիքային սահմանափակում՝ 10-ից 28, սակայն մեծ թվով հայտեր են ստացվել մինչեւ տասը տարեկան երեխաներից, եւ փառատոնի շրջանակներում, բայց մրցույթից դուրս՝ կազմակերպվելու է համերգ փոքր տարիքի երեխաների մասնակցությամբ: Իսկ մայիսի 11-ին կայանալու է գալա - համերգ եւ փառատոնի հանդիսավոր փակումը Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ