Լոռու մարզում գործում է միգրացիոն տեղեկատվական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ <<Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության>> թեմատիկ ծրագրի <<Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում>> նախագծի շրջանակներում գործնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
<<People In Need>> չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ի դեմս ղեկավար Էդուարդ Սարգսյանի և Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանի ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները:
Նշենք, որ ծրագրի ընթացքում նախատեսվում է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերինտեգրել վերադառնալ ցանկացողներին` աջակցելով վերապատրաստման դասընթացներով, մատուցել խորհրդատվական
ծառայություն տարբեր ոլորտներում, ինչպես նաև տրամադրելով փոքր դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար:
Նախատեսվում է նաև ստեղծել վիրտուալ հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալու այն աջակցությունների մասին, որ կարող են ակնկալել հայրենիք վերադառնալիս:
Հավաքի մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագիրը հնարավորություն կտա կամավոր վերադարձողներին գտնել իրենց տեղը Հայաստանում, ինչպես նաև կկանխարգելվի անօրինական միգրացիան:
Ծրագրում ընդգրկվել են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերը, ինչպես նաև Երևան քաղաքը:
Հիշեցնենք, որ <<Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության>> թեմատիկ ծրագրի <<Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում>> նախագիծը իրականացվում է Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Այս մասին հայտնում են People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից: