Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հարվածել է երեխային

Մարզեր

Գյումրիի Հաղթանակի պողոտայում այսօր տեղի է ունեցել վրաերթ: Տուժել է Մայիսյան գյուղի 16-ամյա բնակիչ Կարեն Միքայելյանը: Վարորդը մեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ տուժողը տեղափոխվել է ՙԱվստրիական՚ մանկական հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես 10.15-ի սահմաններում: ՙՄեքենան շատ արագ էր ընթանում, արագն էն խոսքը չէ: Խփեց էրեխուն, շպրտեց մի քանի մետր այն կողմ՚, - պատմում են ականատեսները:

Ընդունվելիս երեխայի վիճակը բավականին ծանր է եղել ու հիմա էլ բժիշկները ծանր են համարում, բայց գիտակցություն եղել է ու կարողացել հարցերին պատասխանել: Ասել է, որ փողոցն անցնելիս մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:

Գյումրիի ՙԱվստրիական՚ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ հայտնում է, որ ներկա պահին երեխայի մոտ կա նախնական զննման պատկերով աջ ստորին վերջույթի սրունք-թաթային ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածք եւ գանգի վնասվածք, ուղեղի սալջարդ, բայց գանգոսկրի կոտրվածք դեռեւս չի հայտնաբերվել: Ներքին օրգանների վնասվածքներ չկան:

Դատելով այն բեկորներից, որոնք առաջացել են Հաղթանակի պողոտայի վրա, հարվածողը ՙՖոլքսվագեն՚ մակնիշի ավտոմեքենա է եղել: Դեպքից հետո վարորդը նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի: Իրավապահներն այժմ աշխատանքներ են տանում մանրամասները ճշտելու եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ