Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրենական պատերազմի հետքը

Մարզեր

Ապրիլի 21-ին պայթուցիկ սարք է հայտնաբերվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղին պատկանող վարելահողերում: Այն վնասազերծել են մասնագետները: Գյուղի տարեցների խոսքերով, վտանգավոր գտածոն եզակի չէ իր բնույթով: Դրանք մնացել են դեռեւս Հայրենական պատերազմի ժամանակներից:

Վտանգավոր այս գտածոն հայտնաբերել էր Ոսկեհասկ գյուղի բնակիչ 74-ամյա Զավեն Պետրոսյանն այն ժամանակ, երբ այցելել էր որդուն տրամադրված հողամաս: ՙՊատահական ոտքս դրի հերքի մեջ, դեմս ելավ: Տեսա, անմիջապես նշեցի տեղն ու եկա գյուղապետարան հայտնեցի: Տեղյակ պահեցի՝ իմ փորձից ելնելով. 1947 թվին հորեղբորս տղաները զոհվեցին: Մեկի էլ թեւը հատեցին՚, - պատմում է Զավեն Պետրոսյանը:

Նկատի ունենալով այն դաժան նախատիպը, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել, երկուսն էլ վիրավորվել էին, Զավեն Պետրոսյանն արագ տեղեկացրել էր գյուղապետին, ով էլ իր հերթին Ազգային անվտանգության ծառայության եւ Շիրակի փրկարարական վարչության անդամներին: ՙԱրձագանքումից հետո տվյալ դետալը գտնվում է մեր մոտ, որը նման է ինչ-որ զինամթերքի տեսակի: Նմանություն կա, բայց վերջնական պարզ դառնալու համար համապատասխան ծառայությունների կողմից կանցնի փորձաքննության եւ արդյունքում պարզ կդառնա, թե սա իրենից ինչ է ներկայացնում՚, - նշում է Շիրակի Փրկարար վարչության պետ Անդրանիկ Պողոսյանը:

Ոսկեհասկի տարեցներն հիշում են, որ դեռեւս Հայրենական Մեծ պատերազմի նախօրեին, այս տարածքում, որը սահմանակից էր Սովետա-թուրքական պետական սահմանին, զորամաս է տեղակայվել: Թուրքական կողմից հնարավոր ներխուժման պարագայում սահմանը որոշակիորեն ականապատվել է: Պատերազմից հետո սակայն դրանք չեն հավաքվել, նույնիսկ մոռացել են դրանց մասին ու հիշել են միայն 1947-ի դժբախտ պատահարի ժամանակ: Հիմա էլ չի բացառվում նորերի ի հայտ գալը: Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով փրկարարները Ոսկեհասկի բնակիչներին հորդորեցին զգոնություն եւ զգուշություն ցուցաբերել:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ