Գյումրիում ավտոբուսների ուղեվարձը թանկացել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առվոտյան գյումրեցիներին մատուցվել է տհաճ անակնկալ:
Օգտվելով ներքաղաքային ավտոբուսներից` նրանք պարզել են, որ դրանց ուղեվարձը թանկացել է` դառնալով 70 դրամ: Բոլոր երթուղիները սպասարկող ավտոբուսների դիմապակիներին փակցված են հայտարարություններ տոմսի արժեքի փոփոխման մասին: Գյումրեցիները նշում են, որ բոլոր թանկացումներին միայն սա էր պակասում, դա էլ լրացվեց:
Ապրիլի մեկից գազի արժեքի թանկացման հետեւանքները գյումրեցին ընթացիկ ամսում զգում է ավելի ու ավելի հստակ: Տարբեր ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ ապրիլի 17-ից քսան դրամով թանկացել է ներքաղաքային երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղեվարձը:
Գյումրեցիները նեղսրտում են, որ եթե արտադրողներն ու ծառայություն մատուցողները կարող են տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարել` դրանց գինը բարձրացնելով, ապա հասարակ ժողովուրդը, ում միակ եկամուտը միայն ցածր աշխատավարձն ու թոշակն է, լավագույն դեպքում նաեւ նպաստը, չունի միջոցներ` ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:
«Ճիշտ է, քսան դրամով է թանկացել, բայց թե ինչ ուզում է լինի, մարդիկ աշխատանք չունեն, գործ չունեն, թոշակները մի բան չեն, շատերին էլ նպաստից են զրկել: Էդպես էլ բա՞ն կլինի՚, - զարմանում են գյումրեցիները:
Ի դեպ, տհաճ անակնկալը փոքր ինչ մեղմվեց Բուլվարային թաղամասի բնակիչների համար: Թաղամասը սպասարկող տասը համարի միակ երթուղին ապրիլի մեկից չէր գործում, քանզի առկա թանկացումների պարագայում անհատ վարորդները դժգոհում էին, որ 50 դրամ ուղեվարձով կաշխատեն վնասով:
Այժմ, ուղեվարձի բարձրացումը ձեռնտու է նրանց, եւ այսօրվանից տասը համարը դարձյալ սպասարկում էր երթուղին: Մենք վարորդներից փորձեցինք հիմնավորումներ ստանալ հարցի վերաբերյալ, սակայն հարցվածներից ոչ ոք չցանկացավ խոսել: Մեր հարցին պատասխանեցին քաղաքապետարանի մամլո քարտուղարությունից: Ընկերությունները եւ անհատ վարորդները դիմել են քաղաքապետարան` առաջարկելով քսան դրամով բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը:
Հիմնավորումն այն է, որ գազի եւ ավտոպահեստամասերի թանկացման պայմաններում իրենք չեն կարող աշխատել: Ինչ վերաբերում է պայմանագրին, որտեղ ուղեվարձը նշված է հիսուն դրամ, ապա օրենքը թույլ է տալիս նման դեպքերում հանդես գալ հիմնավորված առաջարկությամբ եւ բարձրացնել տոմսի արժեքը: