Գյումրիում տանիքների հարցը դեռ անլուծելի է
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում լուրջ խնդիր է բազմաբնակարանոց շենքերի կտուրների վերանորոգման հարցը: Այսօր նման շենքերի թիվը քաղաքում հաշվվում է տասնյակներով:
Օրերս Գյումրի այցելած Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը խոստացել է միջոցներ գտնել թվով երեք շենքի կտուրների նորոգման համար: Նա նշել է նաեւ աշխատանքների իրականացման կոնկրետ ժամկետներ` մինչեւ երեք ամիս:
Այն, որ Գյումրիում թափ է հավաքում բնակարանաշինությունը, ողջունելի փաստ է. վերջապես որոշակիորեն կլուծվի անօթեւանների տարիներով ու տարբեր մակարդակների պաշտոնյաների խոստումներով անցած խնդիրը: Սակայն սրանով բնակարանային հարցն ամբողջովին չի լուծվի. դեռ պետք է անցյալի սխալներն ուղղել այս բնագավառում, մասնավորապես երկրաշարժից հետո կառուցված բազմաբնակարանոց շենքերի կտուրների խնդիրը, ինչը ժամանակի քննությունը չբռնեց ու իր մասին նորից հիշեցրեց:
Շատ շենքերի վերին հարկերի բնակիչները բողոքում են, որ տարիներ շարունակ գարնանամուտը դիմավորում են տանիքից կաթող անձրեւաջրերի հետ միասին: Վերին հարկերից էլ խոնավությունն ի վերջո թափանցում է մյուս հարկերը: Այնուամենայնիվ, խնդրի մասին մտածող կա, թեեւ առայժմ տեսականորեն:
Քաղաքաշինության նախարարը Գյումրիի դրամատիկական թատրոնի դահլիճում, մոտ հազար գյումրեցու եւ լրագրողների ներկայությամբ հանդիսավորությամբ «գյումրիանպաստ» երդում տվեց. «Ինքս` որպես քաղաքաշինության նախարար, այսօր խոստանում եմ գտնել միջոցներ եւ երկու-երեք ամսվա ընթացքում Գյումրիում առնվազն երեք բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգել: Այլ բաների մասին չեմ բարձրաձայնում»:
Գյումրեցին ինքը չի սիրում անհիմն խոստումներ տալ, իսկ տված խոստմանն էլ հետամուտ է, սակայն չի սիրում, երբ իրեն խոստացածին էլ տեր չեն կանգնում: Տվյալ դեպքում նախարարի չբարձրաձայնածի մասին չխոսենք ու սպասենք բարձրաձայն խոստացածի իրականացմանը: Եթե հաշվելու լինենք, ապա այս տարվա հուլիսի վերջում եւս 3 բազմաբնակարանոցի բնակիչներ գլխավերեւում կայուն տանիք կունենան, իսկ տեղումների ժամանակ չեն մտածի, ասենք` կաթոցներից պատսպարվելու մասին: