Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիչ է մնացել այրվի թաղամասը

Մարզեր

Մեծերի ուշադրությունից դուրս մնացած չորսամյա երեխայի խաղը բաց կրակի հետ հասցրել է հրդեհի:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, մոտավորապես ժամը 17.30 - ի սահմաններում: Գյումրիի Ղուկասյան փողոցի 18 տան բնակիչ Գոհար Ղազարյանի չորսամյա թոռնիկը տատից թաքուն թղթեր է այրել բակում ու նետել չոր փայտով լցված խորդանոց: Երեխան ինքն էլ տեղեկացրել է իր արարքի մասին: Մեծերը վրա են հասել այն ժամանակ, երբ հրդեհը սկսել է մոլեգնել խորդանոցի ներսում ու բարձրանալ տանիք:

Մինչ մեծերը կհասցնեին քայլեր ձեռնարկել ու տեղեկացնել հրշեջ ծառայությանը, կրակը տարածվել է նաեւ խիտ բնակեցված այս թաղամասի երկու հարեւանների կտուրների ուղղությամբ: Հրշեջների աշխատանքի շնորհիվ բարեբախտաբար կրակը չէր հասցրել թափանցել հարեւանի տուն, բայց վերջինս զգալի նյութական վնասներ է կրել: Հրդեհի սկզբում նրանք տանը չեն եղել: Մտել են ներս ու տհաճ անակնկալի եկել:

«Դուռը բացեցինք տեսանք, որ տանը թանձր ծուխ է լցված: Հարեւանս ասաց, որ իր թոռան մեղքով է եղել», - պատմում է հարեւանուհի Գոհար Կողպեցյանը:
Վնասները միայն նյութական են, որոնց չափերը պարզ կդառնան հրդեհային տեսչության աշխատակիցների ուսումնասիրություններից հետո, իսկ նախնական տվյալներով, այրված մակերեսն հասնում է 100-120 քառակուսի մետրի:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ