Հողը մշակում են ամոթից
Աջակցիր «Ա1+»-ինՖինանսատնտեսական ճգնաժամը թակել է նաեւ Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի դուռը՝ եղած խնդիրներին ավելացնելով նորերը:
Գյուղում ոռոգումը մասամբ է իրականացվում, հող մշակելն անեկամտաբեր է, Մշակույթի պալատ գյուղում չկա: Մի խոսքով, երիտասարդներն ու տղամարդիկ, թղթախաղ եւ նարդի խաղալով, ընտանիք են պահում:
Հիմա էլ իրենց գյուղ է «մտել» ճգնաժամը՝ փակելով արտագնա աշխատանքի մեկնողների բոլոր ճանապարհները:Շատ քչերին է հաջողվել Ռուսաստան մեկնել:
Հոգսաշատ եւ ֆինանսապես աղքատ համայնքում գյուղացին մնացել է մենակ. ինքն է ու իր հողը: Հող մշակելն էլ թանկ հաճույք է՝ պարարտանյութերն ու թունաքիմիկատները թանկ են , վար ու ցանքը՝ եւս: Մյուս կողմից էլ եղանակն է անակնկալներ մատուցում:
Խնդիրներից մեկն էլ ոռոգման ջրի բացակայությունն է: Ջուր չկա, հույսերն Արթիկի ջրամբարի կառուցման վրա է: Դրանով կլուծվի նաեւ հարեւան հինգ համայնքի ոռոգման ջրի հարցը: Սակայն, թե երբ այն կկառուցվի, դա էլ պարզ չէ: Շատ գյուղացիներ հողը մշակում են ամոթից. չլինի՝ գյուղում ասեն, որ այսինչ մարդու հողում մոլախոտ է աճում:
Գյուղացիներին այսքան հոգսի մեջ այնքան էլ չի հուզում Մշակույթի պալատի չլինելը: Այս հոգսերի բեռն ուսերին՝ ո՞վ կմտածի հոգեւոր սննդի մասին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ