Ավտոբուսները չեն աշխատում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Բուլվարային թաղամասի բազմաթիվ խնդիրներին օրերս ավելացել է եւս մեկը՝ թաղամասը սպասարկող միակ երթուղին՝ 10 համարի ավտոբուսը այլեւս չի աշխատում:
Գյումրիի Բուլվարային թաղամասը հայտնի է իր ինը հարկանի շենքերով, փողոցի կարգավիճակ չունեցող եւ անանուն ճանապարհներով, ցեխոտ ու աղբոտ մայթերով եւ բնակիչների համար արդեն հուշ դարձած 10 համարի ավտոբուսով: Ապրիլի 1-ից թաղամասի միակ տրանսպորտը չի աշխատում: Թաղամասի քանդված եւ ցեխոտ փողոցներով իրենց անձնական ավտոբուսները նախքան ապրիլի 1-ն էլ վարորդները դժվարությամբ էին շահագործում, հիմա էլ գազն է թանկացել: Բնակիչներին մնում է ոտքով քայլել, կամ էլ օգտվել տաքսիներից. չնայած նրան, որ այդ նույն գազի թանկացումը իրենց գրպանի վրա էլ է ազդել:
ՙՈտքով գնում ենք մինչեւ Կաթի գործարան, որը քսան րոպեի ճանապարհ է: Եթե եղանակն անձրեւային է լինում, ասֆալտի կարոտ ճանապարհները ցեխի պատճառով դառնում են անանցանելի: Ամենախուլ գյուղից ավելի վատ վիճակ է՚, - դժգոհում են թաղամասի բնակիչները:
Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացանք, որ երթուղու չաշխատելու պատճառը գազի եւ ավտոպահեստամասերի թանկացումն է: Ավտոբուսները պատկանում են անհատներին, նրանց համար էլ այլեւս անեկամտաբեր է դարձել երթուղու շահագործումը: Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել այն անհատների համար, ովքեր ունեն տրանսպորտային միջոցներ եւ ցանկանում են դրանք շահագործել ու սպասարկել բուլվարային թաղամասը: Սակայն այստեղ էլ պայմանը մեկն է. գիծը կտրամադրվի միայն 50 դրամ ուղեվարձով աշխատելու դեպքում: Այլ հարց է, թե կլինեն արդյոք ցանկացողներ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ