Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն րոպե' փլուզման վտանգ

Մարզեր

Ջրային պետական կոմիտեի մասնագետները մի քանի օր առաջ նորից ուսումնասիրել են Շիրակի մարզի Ազատանի ջրամբարի պատվարը:

Ամրացման ծրագիրը թեեւ կա, բայց նախագիծ - նախահաշիվը դեռեւս կատարված չէ: Թե որքանով աշխատանքների ֆինանսավորման կմասնակցի պետբյուջեն, հստակ չէ, ամեն դեպքում համայնքը պատրաստ է իր կողմից ներդրումներ անել:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ Ազատան լճից նկատվում է ջրի արտահոսքի ուժեղացում, ինչի հետեւանքով հնարավոր է պատվարի փլուզում: Չնայած ջրի արտահոսքը համայնքի ուժերով ու միջոցներով կանգնեցվել է՝ այնուամենայնիվ ամեն րոպե առկա է պատվարի փլուզման վտանգը, քանզի վերջինս նաեւ հարեւան դաշտեր տանող միակ ճանապարհն է: Գարնանային աշխատանքներն էլ դաշտերում արդեն սկսվել են:

Ավազով լի 150 հատ պարկը ժամանակավոր դադարեցրել է ջրի արտահոսքն ու կարծես թե ամրացրել պատվարը: Մի քանի ժամ աշխատել են այլ ուղղությամբ, հետո պարզել արտահոսքի իրական տեղը: Ավազով սկսել են ջրի դեմն առնել: Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ճանապարհի դեր կատարող պատվարի տակ դատարկություն է: Հողը տարիների ընթացքում նստել է ու մնացել զուտ արտաքին շերտը, ինչն էլ բնականաբար ջրի դեմն առնել անկարող էր:

Ազատանի ջրամբարը մոտ հիսուն տարվա պատմություն ունի, կառուցվել է 1960-ականներին:

Վերջինս լուրջ ինժեներական կառույց համարել բոլոր պահանջներով ու չափորոշիչներով, սխալ կլինի: Բավական է ասել, որ ջրամբարն ի սկզբանե ջրահեռացման համակարգ չի ունեցել:

Ջրամբարը յոթ հեկտար տրամագիծ ունի, այսօրվա դրությամբ 220-250 հազար խմ տարողունակություն, ոռոգում է 115 հեկտար ցանքատարածություններ: Պատվարն էլ դեպի հարեւան ցանքատարածություններ տանող միակ ճանապարհն է՝ կոմբայն, բեռնատար մեքենաներ: Արդյունքում էլ ամբողջովին քայքայվել է, ու վթարային ասելն էլ' մեղմ բնորոշում է: Գարնանացանն արդեն սկսվել է, մինչդեռ պատվար - ճանապարհը դեռ կիսաքանդ վիճակում է: Ի սկզբանե առաջարկվել է ինժեներական տեխնիկայի միջոցով լճի ջրթողից փորել մոտ 300 մ երկարությամբ հեղեղատար, որի միջոցով կապահովվի լճից ջրի անվտանգ հեռացումը' մոտ 60 լ/վ արագությամբ:

Եթե պետբյուջեից աջակցություն չլինի, համայնքն իր միջոցներով ու հնարավորություններով կփորձի շատ թե քիչ պատվարն ամրացնել, ինչի համար մոտավոր հաշվարկով մեկ միլիոն դրամ կպահանջվի:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ