Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

277 ընտանիք զրկվել է նպաստից

Մարզեր

Գյումրիի սոցիալական ծառայությունների աշխատակիցները մայիսից պետք է տեսչական այցեր կատարեն՝ նպաստառու ընտանիքների փաստագրման համար: Դրան զուգահեռ կծանոթանան նաեւ նրանց սոցիալական պայմաններին, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ թաքցնում են աշխատանք ունենալու փաստը եւ ստանում են նպաստ:

Այդ փաստերը հայտնաբերվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ կան եւ սոցիալական ծառայությունների, եւ գործատուների տվյալները: Նման դեպքերում տվյալ ընտանիքները վեց ամսով զրկվում են նպաստից:

Այս տարի Գյումրիում 277 ընտանիք զրկվել է նպաստ ստանալու իրավունքից: Այժմ նրանք ստիպված են սպասել հաջորդ փաստագրմանը:

Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային բաժնի պետի տեղակալ Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ այդ ընտանիքները եթե ներկայացնեին աշխատավարձի մասին տեղեկությունները, նրանցից 60-70 տոկոսը չէին զրկվի նպաստից:

Սոցիալական ծառայությունների բաժիններում հաշվառված 15300 ընտանիքից այժմ նպաստ է ստանում 12100-ը:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ