Տաքսիստները դիմեցին ՌԴ հյուպատոսին /video/ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան գյումրեցի անհատ տաքսիստները' իրենց ավտոմեքենաներով հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակա տարածքում:
Աստիճանաբար բողոքող վարորդների թիվն ավելացավ: Բոլորին հուզող հարցը նույնն է՝ կառավարության վերջին որոշումները՝ մեքենաները պետք է ունենան ոչ ավելի, քան 10 տարվա մաշվածություն, տարեկան պետք է մուծեն 25 հազար դրամ տուրք եւ 5000 դրամ սոցվճար, մեքենաներում պետք է լինեն հաշվիչներ, որոնք արժեն 60-80 հազար դրամ, եւ պետք է ունենան դեղին ավտոհամարանիշներ:
Վարորդների կողմից հնչեցին սպառնալիքներ, որոնք իրենց իսկ բնորոշմամբ' բխում են հուսահատությունից: Նրանք տրամադրված էին խիստ վճռական: Անգամ պատրաստ են ընտանիքով Թուրքիայի սահմանը հատել:
Վարորդները, իրենց խոսքերով, այլեւս հույսները կորցնելով եւ հոգնելով մարզային եւ քաղաքային կառույցներին դիմելուց՝ որոշեցին իրենց խնդրով դիմել Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան:
Կարճ ժամանակում հյուպատոսարանի մոտ հավաքվեցին ոստիկանության մեծ թվով մեքենաներ:
Քիչ անց վարորդներից երեքին հյուպատոսն ընդունեց, սակայն հանդիպմանը լրատվամիջոցների ներակայությունն արգելվեց: Հյուպատոսը ասել էր, որ ինքը ոչինչ անել չի կարող:
Քիչ անց եղավ փոխմարզպետ Միքայել Վարդանյանի առաջարկը' մարզպետարանում քննարկելու հարցը:
Ի դեպ ապրիլի 6-ից Հայաստանում լինելու են համատեղ ստուգայցեր ճանապարհային ոստիկանության, հարկային մարմինների եւ տրանսպորտի վարչության մասնակցությամբ: Նպատակն է՝ պատկերացում կազմել անհատ տաքսիների գործունենության օրինականության մասին: Առանց փաստաթղթերի վարորդները տուգանվելու են: Սակայն փոխմարզպետը վստահեցրեց, որ մինչեւ համապատասխան որոշում ընդունելը, նման բան չի լինի:
Վարորդների ներկայցուցիչներն ուղեւորվեցին մարզպետարան: Այստեղ հարկային տեսչության պետի տեղակալը նշեց, որ իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ կատարող մարմին են: Մինչ վարորդները խոսում էին իրենց դարդ ու ցավից, քաղաքային ոստիկանության պետ Շիրակ Շահնազարյանը եկավ եւ տեղեկացրեց, որ խնդիրը լսելու եւ հնարավորիս օգնելու նպատակներով օրվա ընթացքում Գյումրի կայցելի Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը:
Ավելի ուշ փոխնախարարը լսեց վարորդներին եւ խոստացավ խնդիրը բարձրաձայնել կառավարությունում :
«Դուք ուզում եք, որ տարբեր վճարումների փոխարեն սահմանվի մեկ վճար, որը բաժանված լինի 12 ամսվա վրա, որպեսզի ամեն ամսվա համար վճարում կատարելով ձեզ թույլ տրվի զբաղվել ձեր աշխատանքով: Այս առաջարկը որ ներկայացնեմ կառավարություն, գոհ կլինե՞ք»,-ասաց փոխնախարարը:
Վարորդները գոհ մնացին հարցի նման ձեւակերպումից: Իսկ պատասխանը կլինի մինչեւ ապրիլի 6-ը: Մինչ այդ գյումրեցի վարորդների աշխատանքը չի արգելվի ճանապարհային ոստիկանության կամ հարկային ծառձայության կողմից:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ