Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտվեց նաեւ Տիգրանը

Սպորտ

Հայ շախմատիստներին ոչ մի կերպ չի հաջողվում մոտենալ Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստներին: 6-րդ տուրում պարտություն կրեց նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը հայ շախմատիստների շարքում առավել լավ արդյունքը ուներ առաջնությունում:

Պետրոսյանը սպիտակներով պարտվեց Անդրեյ Վոլոտկինին եւ 4 միավորով նահանջեց: 4 միավոր են վաստակել նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Սերգեյ Գրիգորյանցը: Հակոբյանը եւ Անդրեասյանը այս տուրում հաղթանակներ տոնեցին: Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը վաստակեցին կեսական միավոր:

Մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Էռնեստո Ինարկիեւը, որին հաջորդում են 5-ական միավոր վաստակած Անդրեյ Վոլոտկինը եւ Ջորջ Մեյերը:

Կանանց Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ Իրինա Տուրովայի նկատմամբ եւ 3.5 միավորով դուրս եկավ 5-րդ հորիզոնական: Առաջատարներ Մոնիկա Սոչկոն եւ Թան Հոանգը վաստակել են 4-ական միավոր: Առաջին պարտությունը կրեց Նելլի Աղինյանը, որը սեւերով պարտվեց Երեւանի ՚Միկայիՙ խաղացող Նինո Կուրտսիձեին: Պարտություններ կրեցին նաեւ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Հայրապետյանը, իսկ Սիրանուշ Անդրեասյանը հաղթանակ տոնեց:

Ստամբուլում ընթացող կանանց ՚Գրան պրիՙ մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո այսօր կվերսկսեն պայքարը: 5-րդ տուրի շրջանակներում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի հետ: Դանիելյանը 2.5 միավորով ընթանում է 5-րդ տեղում, իսկ նրա առաջիկա մրցակից առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: