Մրցավարների թիվն ավելանալու է
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ-ն մտադիր է հաջորդ մրցաշրջանից ֆուտբոլային հանդիպումները սպասարկող մրցավարների քանակը ավելացնել 2-ով:
Գլխավոր եւ երկու եզրային մրցավարներին պետք է միանան եւս 2 մրցավարներ, որոնց տեղակայվելու են դարպասների հետեւում եւ օգնելու գլխավոր մրցավարին վիճելի հարցերում:
Միջազգային հանդիպումներ վարելու զգալի փորձ ունեցող Կարեն Նալբանդյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նորամուծությունը մեծ օգուտ կարող է տալ ֆուտբոլին. ՚Ինձ թվում է, մրցավարների քանակը ավելացնելը նպատակ է հետապնդում կրճատել գլխավոր մրցավարի կողմից թույլ տրվող սխալների քանակը: Ֆուտբոլը վերջին տասնամյակներում զգալիորեն արագացել է, եւ մրցավարները ոչ միշտ են կարողանում ճիշտ կողմնորոշվելՙ:
ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանը հայտնեց, որ 5 մրցավարներով խաղ վարելու մեթոդը արդեն կիրառվել է, սակայն դեռ քննարկում են մի շարք գործոններ. ՚Նախորդ տարի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասնակցությամբ մրցաշարում այդ մոդելը փորձարկվել է: Նոր մրցավարները պետք է օգնեն գլխավորին դարպասի գրավումը ճիշտ արձանագրելու եւ 11 մետրանոցների առկայությունը պարզելու համարՙ:
Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում առաջիկայում հանդիպումները կվարեն 5 մրցավարներ Կարեն Նալբանդյանը ասաց. ՚Ներկայումս նման տեղեկություն չկա: Կարծում եմ, երբ այն պաշտոնապես կիրառվի ՖԻՖԱ-ի կողմից, ապա քիչ անց կներմուծվի նաեւ Հայաստան: Դեռ որոշ հարցեր պետք է ստանան պարզաբանում: Մասնավորապես, հայտնի չէ, թե ովքեր են լինելու 2 նոր մրցավարները: Այսինքն` նրանք ընտրվելու են ներկայիս մրցավարներից, թե նորերն են պատրաստվելու եւ այլնՙ:
Կարեն Նալբանդյանը Հայաստանի եզակի մրցավարներից է, որը վարում միջազգային հանդիպումներ, ուստի հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք առաջիկայում վարելու է որեւէ պաշտոնական հանդիպում. ՚Հունվարին վարել եմ Մոսկվայում կայացած ՚Համագործակցության գավաթիՙ խաղարկության հանդիպումները: Առայժմ նոր հանդիպման հրավեր չեմ ստացելՙ: