Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայացնի մեկ մասնակից

Սպորտ

Գեղասահքի 2009 թ. առաջնությունում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մարտի 24-ին Լոս Անջելեսում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում ելույթ կունենա Գեղամ Վարդանյանը:

Առաջիկա աշխարհի առաջնությունում պայքարը ընթանալու է ոչ միայն մեդալների համար, այլեւ 2010 թ. ձմեռային օլիմպիական ուղեգրերի: Հենց Լոս Անջելեսում կայանալիք առաջնության արդյունքների վրա է որոշվելու, թե առաջատար երկրները քանի ներկայացուցիչ են ունենալու Կանադայում` Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում:

Հայաստանի օլիմպիական ուղեգրի հնարավորությունը բավական քիչ են: Գեղամ Վարդանյանը 2009 թ. Եվրոպայի առաջնությունում անհաջող հանդես եւս եկավ: Աշխարհի առաջնությունում Գեղամը պետք է զգալիորեն բարելավի իր արդյունքը` ուղեգրի արժանանալու համար:

Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի հավաքականում առաջիկայում հանդես կգա ԱՄՆ-ում բնակվող Պիեռ Բալյանը: Վերջինս 2008 թ. դեկտեմբերին Մարզահամերգային համալիրում հանդես եկավ Եվգենի Պլյուշչենկոյի շոուի ժամանակ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան ցանկացել է Բալյանին ընդգրկել ազգային հավաքականում, սակայն աշխարհի առաջնությունում Պիեռի մասնակցությունը ապահովել չի հաջողվել: Փոխարենը նա սեպտեմբերին կմասնակցի Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարի:

Հայաստանը բանակցում էր նաեւ Կանադայում հանդես եկող գեղասահորդ Ֆյոդոր Անդրեեւի հետ, սակայն առայժմ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվում: Անդրեեւին հրավիրում են նաեւ մի շարք այլ պետություններից: Ռուս մարզիկը տղամարդկանց պայքարում համարվում է մեդալի հավակնորդ:

Աշխարհի առաջնությունը կկայանա Լոս Անջելեսի ՚Ստապլեսՙ մարզահամալիրում: 375 մլն դոլար արժողությամբ այս կառույցում հիմնականում անցկացվում են բասկետբոլի եւ հոկեյի հանդիպումներ: Այն տեղավորում է 20 հազար հանդիսական:

Ի դեպ, աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան 2 գեղասահորդ: Ադրբեջանը կունենա 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը հանդես կգան պարային զույգերում: