Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ տարբեր մրցաշարերում

Սպորտ

Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում դարձյալ արդյունավետ էին հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաները:

Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը սեւերով առավելության հասավ Իլյա Նուժնուկի նկատմամբ: Վերջինս 4-րդ տուրում սեւերով հաղթել էր Արման Փաշիկյանին, սակայն հաջողությունը զարգացնել մեկ այլ հայ գրոսմայստերի հետ չկարողացավ: Պետրոսյանը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 4-ի եւ այժմ ընթանում է 24-րդ հորիզոնականում: Սակայն Տիգրանը ընդամենը կես միավորով է ետ մնում 4.5-ական միավոր վաստակած առաջատարներից խմբից:

Առաջատարներին մոտենալու առիթը բաց թողեց Տիգրան Քոթանջյանը, որը սեւերով պարտվեց Տոմի Նիբակին: Պարտություն կրեց նաեւ Արթուր Չիբուխչյանը: Գյումրեցի շախմատիստը ընդամենը 2 միավոր է վաստակել եւ 204-րդ հորիզոնականում է: Հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներում միակ ոչ-ոքին գրանցվեց Զավեն Անդրեասյան-Վլադիմիր Հակոբյան մրցավեճում: Փորձառու Հակոբյանի եւ երիտասարդ Անդրեասյանի հանդիպման ելքը կռահելը բարդ չէր:

Սանկտ Պետերբուրգում զուգահեռաբար ընթացող կանանց Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը` Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Աննա Հայրապետյանը, հաղթեցին, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը վաստակեցին կեսական միավոր: Աղինյանը եւ Մկրտչյանը 2.5-ական միավորով ընթանում են 11-25-րդ տեղերում:

Իսկ Ստամբուլում շարունակում է կանանց Գրան պրի մրցաշարը, որի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով առավելության հասավ Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի` Մայա Չիբուրդանիձեի նկատմամբ: Չիբուրդանիձեն հանդիսանում է նաեւ Երեւանի ՚Միկայիՙ խաղացող:

Հայ-վրացական մրցավեճում տոնած հաղթանակից հետո Դանիելյանը 2.5 միավորով դուրս եկավ 5-րդ հորիզոնական: