Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալ Լիբանանում

Սպորտ

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալի է արժանացել Լիբանանի Քեդարս քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում: Հատուկ ոլորավայրեջքում 3-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ներսիսյանը: Այս մասին ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

՚Մեր դահուկորդները հատկապես հաջող են հանդես եկել հատուկ ոլորավայրէջքում, որտեղ Արսեն Ներսիսյանը 67.75 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ Աբրահամ Սարկախյանը 77.17 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը: Ավելի երիտասարդ Յուրի Մանուկյանը գրավել է 8-րդ տեղը, սակայն մինչեւ 20 տարեկանների շարքում նրա արդյունքը եղել է լավագույնըՙ,-ասաց Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի հավաքականում ընդգրկված 3 դահուկորդները հանդես են եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում, սակայն ըստ Գագիկ Սարգսյանի մրցանակային տեղ չեն գրավել. ՚Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աբրահամ Սարկախյանը, որը 54.96 միավորով գրավել է 6-րդ տեղը: Աբրահամը զգալիորեն բարելավել է ցուցանիշը: Արսեն Ներսիսյանը հաջորդել է Սարկախյանին` գրավելով 7-րդ տեղը, իսկ Յուրա Մանուկյանը 17-րդն է եղելՙ:

Մրցաշարին մասնակցել են Իտալիայի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Կիպրոսի, Թուրքիայի, Լիբանանի, Մեքսիկայի, Պակիստանի, Մարոկկոյի, Ալժիրի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Այժմ հայ դահուկորդները պատրաստվում են մասնակցել Թուրքիայում կայանալիք հերթական միջազգային վարկանիշային մրցաշարերին, որոնք տեղի կունենան Կարս-Սալիղամիջում եւ Էրզրում-Պալանդոկենում: Մարտի 12-ից 18-ը կայանալիք մրցաշարերում Հայաստանի հավաքականում ընդգրկված 3 դահուկորդներին կմիանա Արսեն Ղազարյանը: Բացի այդ ելույթ կունենան հայաստանցի 2 մարզուհիներ` Սիրանուշ Մալաքյանը եւ Տաթեւիկ Մուրադյանը: