Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկների ելույթը ավելի հաջող էր

Սպորտ

Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ավարտվել է նետաձգության աշխարհի 2009 թ. առաջնությունը, որին մասնակցել են նաեւ 4 հայ մարզիկները:

Առաջնությունը անցկացվել է երիտասարդների եւ մեծահասակների միջեւ: Երիտասարդների պայքարում ելույթ են ունեցել Նունե Վասիլյանը եւ Գոհար Շահնազարյանը, որոնք որակավորման փուլում չեն կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Առավել հաջող է հանդես եկել Վասիլյանը, որը 36 մասնակիցների շարքում 546 միավորով գրավել է 22-րդ հորիզոնականը: Վասիլյանը առաջին կեսից հետո ընթացել է լավագույն 20 մասնակիցների շարքում, սակայն 2-րդ կեսում ավելի անհաջող է ելույթ ունեցել եւ ի վերջո հանգրվանել 22-րդ տեղում:

Գոհար Շահնազարյանը 524 միավորով զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: Իսկ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Սեգինան (582), որին հաջորդել են Իրինա Դուբասը (Ուկրաինա, 578) եւ Մայա Յագերը (Դանիա, 576):

Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են տղամարդիկ, որոնք բավական անհաջող են հանդես եկել: 58 մասնակիցների շարքում Գրիգոր Դովմալյանը 554 միավորով զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Պետրոսյանը 548 միավորով` 55-րդ տեղը: 593 միավորով առաջին տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սիմոն Թերրին:

Աշխարհի առաջնությունում առավել հաջող է հանդես եկել ԱՄՆ-ն, որը նվաճել է 13 մեդալ (7 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե): Լավագույն եռյակում են եղել նաեւ Իտալիայի եւ Լեհաստանի հավաքականները: