Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը Տիգրանների արդյունքն է

Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից 3-ը հաղթանակներ տոնեցին, սակայն առաջատարների թվում այժմ Հայաստանի ներկայացուցիչ չկա:

Վլադիմիր Հակոբյանը սեւերով մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլտաջ Սաֆարլիի հետ: Այս պարտիայում գրանցվեց խաղաղ ելք: Ոչ-ոքիով ավարտեցին իրենց պարտիաները նաեւ Արտաշես Մինասյանը եւ Զավեն Անդրեասյանը: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Արթուր Չիբուխչյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Պարտություն կրեց միայն Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը, որը սպիտակներով զիջեց Իլյա Նուժնուկին:

Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքը ունեն Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որոնք 3-ական միավորով ընթանում են 58-59-րդ հորիզոնականներում: Սակայն առաջնության ավարտին դեռ բավական ժամանակ կա, ուստի հայ շախմատիստները դեռ ունեն բոլոր հնարավորությունները պայքարելու մրցանակային տեղերի համար: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Էռնեստո Ինարկիեւը եւ Ջորջ Մեյերը:

Սանկտ Պետերբուրգում ընթացող կանանց Եվրոպայի առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Տուրը հաջող էր միայն Նելլի Աղինյանի համար, որը սպիտակներով առավելության հասավ Կատերինա Սեդիկովայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի այլ անդամներ Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը այս տուրում մրցեցին միմյանց հետ: Արձանագրվեց ոչ-ոքի: Աննա Հայրապետյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը պարտություններ կրեցին:

2-րդ տուրից հետո միավոր չեն կորցրել մի շարք շախմատիստուհիներ, որոնց թվում է նաեւ Նելլի Աղինյանը:

Իսկ Ստամբուլում շարունակում է կանանց Գրան-պրի մրցաշարը, որտեղ ելույթ ունեցող Էլինա Դանիելյանը անցկացրել է իր 3-րդ պարտիան: Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին ոչ-ոքի է խաղացել Յանգ Շենի հետ: Էլինան 1.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: