Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերեզովսկին կարող է հրաժարվել Հայաստանից

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետագա ճակատագիրը ազգային թիմում մշուշոտ է: Մերձմոսկովյան ՚Խիմկիումՙ ելույթ ունեցող ֆուտբոլիստը ռուսական ՚Սպորտն Օրեցօրՙ հանդեսին տված հարցազրույցում չի բացառել, որ այլեւս հանդես չի գա Հայաստանի հավաքականում:

՚Հայաստանի հավաքականում իմ հանդես գալը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից լեգեոների ստատուսի որոշման հետ: Եթե ինձ թույլատրվի շարունակել Հայաստանի հավաքականում առանց ՚Խիմկիումՙ իմ ստատուսին հարվածելու, ապա ելույթներս կշարունակեմՙ,-նշել է Ռոման Բերեզովսկին:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը մինչեւ 2008 թ. լեգեոներ չէր համարում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների խաղացողներին: Նրանցից շատերը, ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն, առանց որեւէ խոչընդոտի հանդես էին գալիս ռուսական ակումբներում: Նոր մրցաշրջանից մեկնարկից առաջ ՌՖՄ-ն արդեն լեգեոների կարգավիճակ է տալիս բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս այլ հավաքականների կազմերում:

Բերեզովսկին խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել Ռուսաստանում սահմանել ետ մղած 11 մետրանոցների ռեկորդ. ՚11 մետրանոցները ետ մղելու որեւէ գաղտնիք չկա: Կանխազգացումն է օգնում: Երիտասարդ տարիքում ավելի լավ էի ետ մղում 11 մետրանոցները, քան այժմ: Առաջ հարվածում էին հիմնականում անկյունները եւ այդ դեպքում գլխավորը կանխազգացումն էր: Այժմ կարող են հարվածել կենտրոնով, բայց շատ ուժեղ…ՙ:

Այն հարցին, թե ինչ է սպասվում ՚Խիմկիինՙ 2009 թ., Բերեզովսկին ասել է. ՚Շատ բան է կախված առաջնության մեկնարկային 2 տուրերից: Լավ կլիներ առավելագույն արդյունքի հասնեինք: Նախորդ տարի մեկնարկը ձախողեցինք: Բայց ներկայումս թիմ են եկել մի շարք բարձրակարգ խաղացողներ: Ես հույս ունեմ, որ նրանք կօգնեն լավ արդյունքների հասնելՙ: